Հայաստանում նվիրատվությունների եղանակով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու գործարքները կտրուկ աճել են, սա պարունակում է հիմնավոր ռիսկեր, որ դրանց թվում կարող են լինել գործարքներ, որոնք նպատակ ունեն թաքցնելու ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը, ԱԺ-ում ասաց Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը:
Նա նշեց, որ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը նպատակ ունի Հայաստանում նոտարների և Կադաստրի կոմիտեի համար նվիրատվությունների մասով ԿԲ-ին հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն սահմանել:
«Սահմանվում են այն դեպքերը, երբ ԿԲ-ին պետք է ներկայացվեն կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ և պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվություններ»,-ասաց փոխնախարարը:
Նվիրատվությունների գործարքները ներկայիս կարգավորումներով չեն հանդիսանում պարտադիր հաշվետվության ենթակա:
«Սակայն, ուսումնասիրելով Կադաստրի կոմիտեի 2020-2022թթ տվյալները` նախարարությունն արձանագրել է, որ նվիրատվությունների եղանակով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու գործարքները կտրուկ աճել են»,-ասաց Մկրտչյանը:
2020 թվականին Երևանում գրանցվել է նվիրատվության 4017 գործարք, մարզերում՝ 8674, 2021-ին Երևանում գրանցվել է 5882 գործարք, մարզերում՝ 12 հազար 60: 2022-ին Երևանում գրանցվել է 7334 գործարք, իսկ մարզերում՝ 15 հազար 765:
«Նվիրատվության գործարքների անընդհատ աճը պարունակում է հիմնավոր ռիսկեր առ այն, որ դրանց թվում կարող են լինել այնպիսի գործարքներ, որոնք նպատակ ունեն թաքցնելու ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքն ու, այսպես ասած, այն օրինականացնելու»,-ասաց փոխնախարարը: