Էսկալացիայի ռիսկը առկա է․ ՊՆ փոխնախարարը՝ սահմանին ադրբեջանական ուժերի կուտակումների մասին

Ներքին 1 տարի առաջ - 12:20 11-09-2023
Կուտակումների մասին տեղեկատվությունը հայտնել է նաև ՊՆ-ն և ավելորդ լարումից խուսափելու համար ցանկալի է հետևել պաշտոնական տեղեկատվությանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը:

Դիտարկմանը, որ տեսանյութեր կան, որ հակառակորդը հարձակողական զենքեր է կուտակում սահմանին, փոխնախարարն ասաց. «Ես մասնագիտական առումով չասեմ, այնտեղ պարզ երևում է, և հրետնային միջոցներ են կարծես թե, մի շարք ռազմական տեխնիկա է: Այդ մասին խոսվել է: Ավելորդ չեմ ցանկանում ևս մեկ անգամ դրա մասին խոսել: Միայն կհորդորեմ մեր տեղեկատվությանը հետևք, մենք պարբերաբար որոշակի սրումների կամ ընդհուպ փոքր հրաձգային զենքից կրակի դեպքում անմիջապես տեղեկատվություն տրամադրում ենք»:

Հարցին՝ ի՞նչ է անում ՊՆ-ն, որ իրավիճակն ավելի չլարվի, փոխնախարարը պատասխանեց․ «ՊՆ-ն իր իրավասության շրջանակներում քայլեր ձեռնարկում է տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու և ընդհանուր իրավիճակի վրա որևէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով: Մեր տարածաշրջանն այնպիսին է, որ էսկալացիայի ռիսկը առկա է, սակայն մենք, որպես պետություն պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի բանը էսկալցիային, առհասարակ ռազմական մեծ գործողություններին չհասնի»։