Հայագետ պրոֆեսորին բուհից ազատելուց հետո քրգործ են հարուցել․ քաղաքական պատվեր է
copy image url

Հայագետ պրոֆեսորին բուհից ազատելուց հետո քրգործ են հարուցել․ քաղաքական պատվեր է

Ներքին 1 տարի առաջ - 18:56 08-09-2023
Լոռու մարզի Լեռնապատ համայնքի նախկին ղեկավար, Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքն, ըստ որի՝ ինքը իբրև թե համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության հանձնելու կեղծ մրցույթ է անցկացրել, իր կողմից գլխավորած մրցույթում հաղթող է ճանաչել ինքն իրեն։ Ըստ դատախազության մեղադրանքի՝ մրցույթից հետո՝ 2007 թվականի սեպտեմբերի 25-ին, լիազորված անձանց միջոցով, ինքն իր հետ կնքել է հողամասը վարձակալության հանձնելու մասին պայմանագիր՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 912 դրամ վարձավճարով: Այնուհետեւ, վերոնշյալ հողամասի 0,2 հա մակերեսով տարածքը տարեկան 480 հազար դրամ վարձավճարով հանձնել է «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությանը:

Oragir.News-ի հետ զրույցում Եղիազարյանն ասաց, որ այս ամենի աբսուրդն այն է, որ 16 տարի առաջ կատարած գործարքը, որը դիտարկվում է ենթադրյալ վնաս, այդ ենթադրյալ վնասի համար իրեն մեղադրանք են առաջադրել, գործերն ուղարկվել են դատարան, մինչդեռ իրական, բուհին կոնկրետ վնաս պատճառած ռեկտորի գործը, որը միայն իրեն կրճատելու համար 4 մլն վնաս է պատճառել, ծածկադմփոց է արվում։

«Չհաշված այն, որ Ռուստամ Սահակյանն առանց հոգաբարձուների խորհրդի իր աշխատավարձը բարձրացրել է, ինչի առիթով բողոք է եղել ժամանակին, աշխատակիցները բողոքել են, որի արդյունքում իր վրա քրեական գործ կա հարուցված ահռելի վնասի համար։ Այս քրեական գործը քնեցնում են, ռեկտորը շարունակաբար անօրինականություններ է գործում, նրան ռեալ վնասի համար մեղադանք չեն առաջադրում, ծածկադմփոց են անում։ Սա աբսուր է»։

Եղիազարյանը պատմեց, որ համալսարանի ռեկտորը իրեն աշխատանքից հեռացրել էր 2021 թ․-ի մայիսի 18-ին, այնուհետև ինքը դատական կարգով վերականգնվել էր համալսարանում, սակայն մի քանի ամիս էր միայն աշխատել, որից հետո նորից իր պայմանագիրը լուծել են՝ պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ։

«Մինչդեռ մենք ունենք ընդունված ներքին կարոնակարգ, որի համաձայն՝ ամբիոնը լսում է 70 օր առաջվա հաշվետվությունը և առաջարկություն է ներկայացնում։ Եթե աշխատանքը դրական է գնահատում, ռեկտորին առաջարկվում է որոշակի ժամկետորվ երկարաձգել ամբիոնի աշխատանքը, որովհետև այդ մասնագետն անհրաժեշտ է, կամ եթե հաշվետվությունը դրական չի գնահատվում, առաջարկում են թափուր տեղերի մրցույթ հայտարարել։ Իմ դեպքում ամբիոնը որոշել է 4 տարով երկարաձգել աշխատանքը ու այդ առաջարկը ներկայացրել են ռեկտորին, ռեկտորն առանց որևէ հիմնավորման, արհամարհելով ամբիոնի կարծիքը, լուծել է պայմանագիրը, սկզբում պատճառաբանել է, որ սեպտեմբերին կվերակնգնեք, սեպտեմբերին էլ ամբիոնի վարիչին ասել է՝ ես դրան ժամեր չեմ տալիս, գնացեք ձեր ժամերը բաշխեք։ Այնուհետև, ցրել է պրոֆեսորի հաստիքը։ Միակ պրոֆեսորը ես եմ, պրոֆեսորի մրցույթ չի հայտարարում, այս էլ երկրորդ անգամ։ Այսինքն, մարդը իր անձնական խնդիր է լուծում»։

Եղիազարյանն ընդգծեց, որ սա անօրինական է, բայց նախարարությունում էլ հստակ գիտեն Սահակյանի անօրինականությունների մասին։

«Բայց քանի որ նա վայելում է իշխանությունների հովանավորությունը, ինչ ուզում, այն էլ անում է։ Դրա համար ես ուղղակի դիմում եմ դատարան, դատարանով վերականգնվում եմ ու իմ աշխատավարձը ստանում»։

Եղիազարյանն ասաց, որ այս անգամ հայցադիմումը պատրաստ է, ու ամսի 11-ին հայցադիմումը ներկայացնելու է դատարան։

Անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին՝ Եղիազարյանն ասաց, որ խոսքը 2007 թ-ի դեպքերի մասին է, որի վաղեմության ժամկետ անցել է․ «Գործ են գտել, գործ են բացել վաղեմության ժամկետով, պարզապես ինձ փորձում են լարված պահել։ Մինչ այս շանտաժներ արեցին, որ այդ հողը հետ խլեն, ես չտվեցի։ Հիմա էլ արդեն 4 տարի է՝ քննում են, գործը մի անգամ կարճել են, ուղարկել են Գլխավոր դատախազություն՝ հաստատման, բայց գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը կարճման որոշումը վերացնում է։ Ընդ որում, այդ որոշման մեջ ոչ իրավական մոտեցումներ, դրվագների շփոթներ կան։ Այդ ամենի մասին հայտնել ենք նոր քննիչին, ով առաց լուրջ քննություն անելու՝ գլխավոր դատախազի դեմ իմ ներկայացրած փաստերը շրջանցելով, իրենց որոշումը գրում և 1-2 օրվա մեջ ուղարկում են դատարան։ Ընդ որում՝ ես միջնորդել եմ պարզել իմ ներկայացրած հանգամանքները, իսկ իրենք, արհամարհելով դրանք, գործն ուղարկում են դատարան։ Սրա նպատակը մեկն է՝ քաղաքական պատվերով վճիռ կայացնել տան, բայց միևնույն է բոլոր դեպքերում այս գործով վաղեմության ժամետ է կիրառվելու, այստեղ խնդիրն այն է, որ իմ վրա ուզում են դատվածություն լինի, իսկ ես այս գործով հանցակազմ չեմ տեսնում։ Եթե տեսնեի, կասեի վաղեմության ժամկետ կիրառեք՝ կարճեք։ Հանցակազմ այդտեղ չկա»։

Նա նշեց, որ սա արդեն 3-րդ գործն է, որ հարուցվում է իր դեմ, կարճվում է, բայց դատախազը գործն ուղարկում է նոր քննության՝ ցուցումով, որ գնա դատարան։

«Սա ակնհայտ քաղաքական պատվեր է, ու նոր երևույթ չէ։ Այս իշխանությունները եկան ու սկսեցին, նախ Ամատունի Վիրաբյանին հանեցին, հետո Գևորգ էմին-Տերյանին համալսարանից հանեցին։ Նրանք, ովքեր ծառայություն ունեն հայագիտությանը մատուցած, բոլորի նկատմամբ թուրքամետ իշխանությունները հալածանքներ են սկսում։ Ես այս ամենին արդեն հանգիստ եմ նայում։ Գիտեմ՝ ինչ են անում ու ինչու, այս ամենի ակունքներում եղել է այն քննադատությունը, որ ես ուղղել եմ կրթության նախարարությանը՝ հայոց լեզու գրականության ծրագրերը խեղաթյուրելու համար։ Դժվար է ասել, թե մեր դատարաններում ինչ արդյունքի կհասնենք, բայց ես մինչև ՄԻԵԴ գնալու եմ, որովհետև վստահ եմ, որ որևէ օրենք չեմ խախտել»։