Հայաստանում բնածին և մարդածին հրդեհները մեծ վնաս են հասցնում կենսաբազմազանությանը․ դրանց հետևանքով վերանում են որոշ կենդանիներ, էկոհամակարգերն են խախտվում, ջրային ռեսուրսներն են աղտոտվում և այլն։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Խոսելով խոզանների և գյուղատնտեսական հանդակներում բուսածածկույթի այրման բացասական հետևանքների մասին՝ նա ընդգծեց, որ հրդեհները շրջակա միջավայրի, ինչպես նաև Հայաստանի կենսաբազմազանությանը սպառնացող առաջնային մարտահրավերներից են։
«Հրդեհները լինում են մարդածին և բնածին։ Վերջին տարիներին մեր երկրում աճել է հարավային լայնություններից ներթափանցող ջերմային ալիքների կրկնելիությունը, ինչի հետևանքով աճել է բնածին հրդեհների ռիսկայնությունը։ Այստեղ ռիսկն ավելի է մեծանում, երբ ավելանում է նաև մարդածին գործոնը, այսինքն` գյուղացիներն այրում են խոզանները, տերևների թափոնները, հետո չեն հանգցնում։ Սա մեծ վնաս է հասցնում մեր կենսաբազմազանությանը»,- ասաց Սուրենյանը։
Նրա խոսքով` հրդեհների հետևանքով որոշ կենդանիների գենետիկական բազմազանության կորուստ է գրանցվում, էկոհամակարգերն են խախտվում և այլն։ Սուրենյանը շեշտեց, որ քամու առկայության պայմաններում կամ տեղումների բացակայության դեպքում անգամ մի փոքր կրակը կարող է ներթափանցել հարակից խոտածածկ տարածքներ և խոշոր հրդեհի պատճառ դառնա։