Մի երկրում, որտեղ դատարանի դահլիճում այլախոհի են սպանել, դատարանից ակնկալիքները շատ բարձր լինել չեն կարող։
Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստին, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Արմեն Աշոտյանը մեղավոր է մի բանում, որ հայրենասեր է, դա իշխանություոնների կարծիքով այս պահին ամենածանր հանցագործությունն է։ Բոլորը, ովքեր գործում են այդ հանցագործությունը, նրանց իշխանությունները փորձում են կոտրել, բայց այդպիսի տոկունությամբ մարդկանց կոտրել հնարավոր չէ։ Նմանօրինակ գործելաոճ է որդեգրել նաև Ալիևը, փորձում է կոտրել Ղարաբաղի մեր եղբարներին և քույրերին»,- ասաց նա։
Մամիջանյանի խոսքով՝ Արմեն Աշոտյանը որևէ կապ չունի իրեն մեղսագրվող արարքի հետ։
«Այն ձայնագրությունների մեջ, որ հրապարակել էր ՔԿ-ն, Արմեն Աշոտյանի ձայնը չկար ու որ ամենակարևորն է՝ Քննչական կոմիտեն դրանք ունի փետրվար ամսից, թե ինչու Աշոտյանը կալանավորվեց հունիսին, թող հանրությունը որոշի։
Իշխանություններին պետք չեն այնպիսի մարդիկ, որոնք ունեն միջազգային կապեր ու գործընկերներ, քան իրենք կարող էին ձեռք բերել վերջին հինգ տարվա ընթացքում»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։
Նշենք, որ դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու մասին միջնորդությունը: Գործով դատական նիստը հետաձգվել է մինչև 18․30՝ տեսաձայնագրույթուններին ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով։ Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահը ձերբակալվել էր հունիսի 15-ին:
Հունիսի 15-ին, Աշոտյանը ձերբակալվել էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։
Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։