Չեղարկված համերգներ․ Փաշինյանը Պուտինին քծնելու նոր՝ «գեղցիական» ձև է գտել
copy image url

Չեղարկված համերգներ․ Փաշինյանը Պուտինին քծնելու նոր՝ «գեղցիական» ձև է գտել

Ներքին 1 տարի առաջ - 21:59 11-08-2023

Նարեկ Խաչատրյան

Լրագրող

Ռուսական «Little Big» խումբը չեղարկել է օգոստոսի 12-ին Երևանում սպասվող համերգը։ Որպես պատճառ նրանք նշել են, որ կազմակերպիչները չեն երաշխավորել, որ միջոցառումը կանցնի առանց միջադեպերի, ուստի համատեղ որոշվել է չեղարկել համերգը։

Նշենք, որ շուրջ 1300 քաղաքացի հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազությանը, որի համաձայն՝ Իլյա Պրուսիկինը կրոնով պայմանավորված ատելություն և անհանդուրժողականություն քարոզելուն ուղղված նյութ է տարածում։ Տեսահոլովակներից մեկում երգիչը խաչն օգտագործում է որպես չմուշկ։

Նշենք, որ սա 2-րդ դեպքն է, երբ Երևանում չեղարկվում է այսպես կոչված «սատանիստական» խմբի համերգը։

Նախորդ տարի մարտի 11-ին էլ Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, պետք է տեղի ունենար ռեփեր Մորգենշտերնի (իսկական անունը՝ Ալիշեր Վալեև) համերգը, որը հանրության շրջանում մեծ դժգոհություններ առաջացնելու պատճառով չեղարկվեց։

Ուշագրավ է, որ նշված 2 խմբերն էլ բացի այսպես կոչված «սատանիստական» լինելուց, նաև խնդիրներ ունեն Ռուսաստանի Դաշնության հետ, նրանց գործունեությունն արգելված են ՌԴ-ում, քանի որ երկուսն էլ դեմ են խոսել Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմին։

Վերադառնալով Հայաստանում նրանց համերգների չեղարկմանը՝ գոնե 2 հարց է առաջանում։

Հարց 1
Եթե 1300 ստորագրությամբ հնարավոր է եղել չեղարկել նշված արտիստների համերգները, ապա արդյոք Կառավարությունը նույնքան ստորագրության դեպքում պատրա՞ստ է չեղարկել Սնուփ Դոգի համերգը, որի համար ի դեպ 6 միլիոն դոլար է հատկացրել։

Հարց 2
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ անգամներ ադրբեջանական և թուրքական պատվիրակություններ են ժամանել Հայաստան (ադրբեջանցի պատգամավորներ, մարզիկներ և այլն), որոնց հայ ժողովուրդը համարում է թշնամի, սակայն այս դեպքում իշխանությունները կարողացել են և ապահովել են նրանց անվտանգությունը, ոչ մի խնդիր չի առաջացել։ Ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ ժամանած թուրքերի և ադրբեջանցիների անվտանգությունը կարողանում են ապահովել, իսկ երաժշտական փոքր թիմի անդամներինը՝ ոչ։

Այստեղից կարելի է ենթադրել, որ սա իշխանությունների ծրագիրն է, նրանց մշակած օրակարգը։ Նախ հայտարարել, որ արտիստներ են ժամանում, ապա ցույց տալ, որ հանրային ճնշումների ներքո չեղարկում են դրանք։ Հաշվի առնելով, որ նշված 2 խմբերն էլ ազգությամբ ռուս են և դեմ են ՌԴ նախագահին, հետևաբար կարելի է ենթադրել, որ սա Նիկոլ Փաշինյանի հերթական քծնանքն է Վլադիմիր Պուտինին։ Ինքը կազմակերպում է, ինքն էլ չեղարկում, հետո զանգահարում, ասում՝ Վլադիմիր Պուտին, տեսա՞ք ինչ արեցի․․․»։