Չարենցը յուրօրինակ պաշտամունք ուներ Կոմիտասի հանդեպ։ Ցավոք, նրան վիճակված չէր հանդիպել մեծանուն կոմպոզիտորին։
Ռուբեն Զարյանն իր հուշերում պատմում է Չարենցի և Կոմիտասի միակ ու վերջին հանդիպման մասին․․․
«Կոմիտասի թաղումն էր։ Դագաղը դրված էր Կուլտուրայի տան դահլիճում։ Ահագին բազմություն էր հավաքվել հրաժեշտ տալու։ Ներս եկողը չէր հեռանում։ …Հանկարծ դռան մոտ եղած հասարակությունը ճեղքվեց՝ մեկին ճանապարհ տալու համար։ Չարենցն էր։ Տխուր էր, մորուսած, դեմքը գունատ։ Բարձրացավ պատվանդանին, գլուխը կախ կանգնեց, տրտում հայացքը դագաղի ապակյա դիմաշրջանակին, որի տակից երևում էր Կոմիտասը։ Չարենցը մի պահ քարացած կանգնեց, ապա կռացավ, համբուրեց ապակին և լուռ քայլեց դեպի դուրս։ Անմիջապես ճանապարհ տվին։ Գնում էր գլուխը կախ, ձեռքերի մեջ ճմրթելով գլխարկը»։
Չարենցը Կոմիտասի դագաղի մոտից մի կապույտ ծաղիկ է վերցնում և որպես նվիրական մասունք՝ չորացնում ու պահում է այն։

Կոմիտասի հուղարկավորության մասին շատ հետաքրքիր մեկ այլ հուշ ունի նաև Միքայել Մազմանյանը, որը ներկայացնում է, թե Կոմիտասի թաղումից հետո ինչպես սկսեց լաց լինել Չարենցը․
«Երեկոյան մոտն էի։ Հետաքրքրվեց հուղարկավորության մանրամասնություններով։
Պատմեցի, թե ինչպես հողաթումբը շրջապատելով կոնսերվատորիայի երգչախումբը երգեց «Անձրևն եկավ շաղալեն» երգը, իսկ այդ պահին անձրև էր գալիս։ Չարենցն այս լսելով հուզվեց։ Փորձեց ինքն իրեն տիրապետել, բայց չկարողացավ։ Տեղիցը վեր կացավ, անցավ սենյակի մյուս ծայրը և մեջք արած՝ բավական երկար մնաց գրապահարանի առաջ, իբր ինչ-որ գիրք է նայում, բայց լալիս էր։

Անցավ որոշ ժամանակ և Չարենցը խոսեց.
– Կանցնեն տարիներ, շատ տարիներ, ես չեմ լինի, գուցե դու էլ չլինես։ Կոմիտասի երգը դուրս կգա մեր երկրից, կլսեն ու կզարմանան։ Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը։ Կգա ժամանակ, երբ Կոմիտասին հողի տակից կհանեն, դամբարան կկառուցեն նրա համար։ Թող պառկի այնտեղ, և բոլորը գան ի տես։ Նա արժանի է դրան բոլորից ավելի, գուցե միայն նա։ Սա այլևս աճյուն չէ, այլ սրբազան մասունք, ուրեմն և մեղք է նրան հողի տակ պահել»։
Կոմիտասի թաղման անմիջական տպավորությունների տակ Չարենցն սկսում է գրել «Կոմիտասի հիշատակին» ոգեցունց պոեմը, որը ևս իր բազմաթիվ այլ ձեռագրերի հետ երկար ժամանակ ննջեց հողի տակ և միայն բռնապետի մահից և անձի պաշտամունքի դատապարտումից հետո հայտնվեց ընթերցողի սեղանին։