Քաղաքական հետապնդումը պոզով-պոչով չի լինում․ Քրիստինե Վարդանյան
copy image url

Քաղաքական հետապնդումը պոզով-պոչով չի լինում․ Քրիստինե Վարդանյան

Ներքին 1 տարի առաջ - 16:58 30-07-2023
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիտինե Վարդանյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովի, Արմեն Աշոտյանի, Մամիկոն Ասլանյանի քրեական գործերին։

«Քաղաքական հետապնդումը պոզով-պոչով չի լինում։

Փաստաբան Վահե Եփրիկյանը հայտնում է Դիմադրություն շարժման շրջանակներում ձերբակալված, ապօրինի հետապնդված 4 քաղաքացու արդարացման մասին, որոնց նկատմամաբ քրեական հետապնդում էր հարուցվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։

Ավելի վաղ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանյալի արդարացման վերաբերյալ։

Տասնյակ նման շինծու քրեական գործեր դեռևս ընթացքի մեջ են։ Դրանցից մի քանիսի հետևանքով այսօր կալանավորված է Գրիգորի Խաչատուրովը, Արմեն Աշոտյանը, Մամիկոն Ասլանյանը։

Շինծու քրեական գործերում տարբեր կերպով ներգրաված են ՀՅԴ Հայաստանի կառույցի տարբեր, այդ թվում ղեկավար մարմնի անդամներ։

Հայերիս համար կենսական նշանակության օրակարգերում ամեն սրացման դեպքում, որի պարագայում ակնառու է դառնում գործող իշխանությունների և Ադրբեջանի ղեկավարության համադրված գործունեությունը, հրապարակ են նետվում նոր կեղծ քրեական գործեր՝ հնարավորինս հնչեղ թեմաներով։
Քննչական կոմիտեն պատրաստում է ահասարսուռ հայտարարություններ, ԱԱԾ-ն՝ action ժանրի ֆիլմի սցենարով նկարում է տեսանյութ, որը տարածվում է պետական բոլոր լրատվականներով։
Գրեթե բոլոր դեպքերում՝ մարդկանց հնարավորինս ճնշելու, նրանց և ընտանիքի անդամենրի համար առավելագույն խնդիրներ ստեղծելու, նրանց բարի անունն արատավորելու նպատակով կիրառվում է ծայրահեղ միջոցը՝ կալանքը։

Ի դեպ, նկատեք կորելացիան, որքան սրվում են անվտանգային խնդիրները, այնքան հաճախակի է դառնում կալանքների կիրառումը։

Հետո՝ տևական ժամանակ անց ստացվում են այսպիսի արդարացման դատավճիռները, որովհետև այս քրեական գործերը զուրկ են որևէ հիմքից և վաղ թե ուշ դրանով անցնող բոլոր քաղաքացիներն արդարացվելու են։

Սակայն արդյունքում մնում է ԱԱԾ ահասարսուռ տեսանյութերի և Քննչական կոմիտեի կամ Դատախազության տարածած հայտարարության պատկերը։

Դրա համար շատ կարևոր եմ համարում այսպիսի յուրաքանչյուր տեղեկատվության հնարավորինս տարածումը»,- գրել է Վարդանյանը։