Հայաստանում նախատեսվում է 2024 թվականին հիմնանորոգել Դիլիջանի և Պուշկինի թունելները, որոնք կառուցումից ի վեր չեն հիմնանորոգվել, առկա են լուրջ ու բարդ խնդիրներ:
Այս մասին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված՝ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակում ներկայացված բյուջետային ծրագրերի և դրանց կատարողական հիմնական ցուցանիշների վերաբերյալ քննարկմանը:
«Կարևոր ծրագիր, որ հաջորդ տարի կյանքի կկոչենք և բյուջեում նախատեսել ենք, մեր երկու խոշոր թունելների՝ Դիլիջանի և Պուշկինի թունելների շինարարությունն է: Այս տարի մրցույթն անցկացրել ենք, ընկերությունը կա, արդեն իրականացնում է նախագծման աշխատանքները: Այս թունելները կառուցումից ի վեր երբեք չեն հիմնանորոգվել, այլ պարբերաբար վերանորոգման աշխատանքներ են եղել: Եվ մենք հիմա միջազգային մրցույթով պատվիրել ենք նախագիծ, որ երկու թունելն էլ հիմնանորոգենք»,-ասաց Սանոսյանը:
Նախարարը նկատեց՝ վարորդներն անցնելիս միգուցե հիմնականում բողոքում են լուսավորության, կահավորման հարցերից, բայց մասնագիտական առումով այդ թունելներում շատ ավելի լուրջ ու բարդ խնդիրներ կան: Եվ հիմա պետությունը մտադիր է այդ թունելներում առկա խնդիրները լուծել, երկու թունելն էլ հիմնանորոգել 2024-ին:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հետաքրրքվեց՝ այդ ընթացքում, օրինակ՝ Դիլիջանի թունելը փակվելո՞ւ է, նախարարը դրական պատասխան տվեց: Նա նաև տեղեկացրեց, որ Ծովագյուղից դեպի Դիլիջան նախկին շրջանցիկ ճանապարհը պարբերաբար տեսքի են բերել, որոշ հատվածներ նորոգել են, փոսալցման աշխատանքներ են արել, որ այդ ճանապարհը փոխարինի թունելին շինարարական աշխատանքների ընթացքում: