Որոշ վարչական շրջաններում ու թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը. Կամո Արեյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:18 17-07-2023
«Մենք ունենք որոշակի խնդիրներ աղբահանության տեխնիկայի հետ կապված։ Կարծում եմ՝ մենք պետք է նախ խոսենք այդ խնդիրների մասին, նաև երևանցիներին որոշակի ժամանակացույց ասենք, թե ինչ տեխնիկան ինչ ժամկետում է համալրվում»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ կան վարչական շրջաններ, որտեղ աղբահանության հետ կապված այս պահի դրությամբ խնդիրներ կան։

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասաց, որ երեք օր ամենօրյա շրջայցի արդյունքում արձանագրել են, որ այո, որոշ վարչական շրջաններում ու թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը, խախտվել է ժամանակացույցը, կա աղբամանների գերբեռնվածություն և կուտակումներ։

«Այս երեք օրերի ընթացքում ամեն ինչ արվեց, որպեսզի թույլ չտանք խորանալու պրոցեսը, բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելով՝ մաքրել։ Այս պահին էլ դեռևս վիճակը բարվոք չէ, բայց հիմնական պատճառը տեխնիկան է»,- ասաց Արեյանը։