Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հերթական անգամ հայտարարել էր, որ Իրանը դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապի ստեղծմանը, քանի որ այն երկու մասի կբաժանի Հայաստանը և կկտրի հայ-իրանական սահմանը։
Նա ընդգծել էր, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության ստեղծման հետ կապված բոլոր հարցերը կարելի է հեշտությամբ լուծել՝ առանց Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը խախտելու։ Իրանցի պաշտոնյան ուշադրություն էր հրավիրել այն բանին, որ Հայաստանի և Իրանի միջև կապը սկիզբ է առնում դեռևս Աքեմենյան և Պարթևական կայսրությունների դարաշրջանից: Նա շեշտել էր, որ տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն երկարաժամկետ լարվածություն կառաջացնի, իսկ ամենամտահոգիչը կլինի սահմանին օտար երկրների առկայությունը։
Վերջինս միևնույն ժամանակ նշել էր, որ ռուսական կողմը պետք է շատ զգույշ լինի և իմանա, որ Հարավային Կովկասում ցանկացած փոքր անփութություն այն կդարձնի ներխուժման և մրցակցության վայր տարբեր երկրների և չարամիտ կողմերի միջև, որոնք հարվածելու են Ռուսաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության շահերին։
Նրա խոսքով՝ այս տարածաշրջանում խնդիրների և բարդ հարցերի ցանկացած անտեսում և չափից ավելի պարզեցում կստիպի Ռուսաստանի հակառակորդներին չսահմանափակվել միայն Հարավային Կովկասի տարածաշրջանով, այլև տարածել իրենց ազդեցությունը Հյուսիսային Կովկասի և, ամենակարևորը, Կասպից ծովի և դրա շուրջ գտնվող երկրների վրա, և դա պետք է լինի Իրանի և Ռուսաստանի կարմիր գիծը։
Հատկանշական է, որ Ալի Աքբար Վելայաթին իր հոդվածում ամփոփել է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը՝ հերթական անգամ վերահաստատելով, որ Իրանի համար տարածաշրջանային սահմանների որևէ փոփոխություն անընդունելի է։ Իրանցի պաշտոնյայի հոդվածում, որը բավականին մոտ է կանգնած Իսլամական Հանրապետության իշխանություններին, կարմիր թելով անցնում է այն թեզը, որ եթե կարիք կա Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը դյուրացնել և դրա միջոցով տարբեր նախագծեր իրականացնել, ապա դրա համար պարտադիր չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը օկուպացնեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները, ինչի մտադրությունն այդ երկրներն ունեն։
Իրանցի դիվանագետը, որը նախկինում զբաղեցրել է նաև երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, չափազանց հստակ արձանագրել է, որ ցանկացած երթուղի կամ ճանապարհ պետք է բացվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման դեպքում։ Իրանական կողմն իր այս դիրքորոշումը մի քանի անգամ արտահայտել է, որն առաջացրել է Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների դժգոհությունը։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարեց, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման հարցում խնդիրը ոչ թե Հայաստանն է, այլ Իրանը։ Միևնույն ժամանակ իրանցի պաշտոնյայի հոդվածի առանցքային ուղերձներից մեկն էլ այն է, որ եթե Հայաստանի ինքնիշխանությունը խախտվի և հայ-իրանական սահմանը կտրվի, ապա Իրանը կզրկվի Հայաստանի տարածքով իր արտաքին հաղորդակցությունից, այսինքն՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն և Եվրոպա իր հիմնական երթուղիներից մեկից։
Իրանական կողմը նման զարգացման դեպքում կախվածության մեջ կընկնի Թուրքիայից և Ադրբեջանից, ինչը պաշտոնական Թեհրանը որևէ կերպ չի կարող թույլ տալ։ Հատկանշական է Վելայաթիի մեկ այլ շեշտադրումն առ այն, որ տարածաշրջանում սահմանային ցանկացած փոփոխություն ավելի երկարաժամակետ լարվածության պատճառ է դառնալու։ Այստեղ Իրանը ուղերձ է հղում, մասնավորապես, Ռուսաստանին՝ կոչ անելով գիտակցել այն բոլոր հետևանքները, որոնք նման զարգացման դեպքում անխուսափելի կլինեն։
Բացի այդ Իրանի իշխանությունները Վելայաթիի շուրթերով Ռուսաստանին հիշեցնում են, որ Թուրքիան շարունակում է հանդիսանալ ՆԱՏՕ-ի անդամ, և եթե որևէ փուլում Մոսկվայի և Անկարայի շահերը համընկել են, ապա դա չի կարող երկարաժամկետ լինել։
Այստեղ իրանական կողմի հիմնական ուղերձն այն է, որ Ռուսաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը շատ փոփոխական է, և ցանկացած պահի այն կարող է կտրուկ շրջադարձեր ունենալ։ Այս ուղերձը կարևոր էր հատկապես Թուրքիայի կողմից ձեռնարկված վերջին քայլերի համատեքստում, որոնք, եթե շատ մեղմ ձևակերպենք, ապա դուր չեկան Ռուսաստանին և առաջացրեցին վերջինիս արձագանքը։
Փաստացի Թեհրանը Մոսկվային դիվանագիտորեն հիշեցնում է, որ Անկարան իր համար չի կարող վստահելի դաշնակից լինել, վերջինս ցանկացած պահի կարող է երես դարձնել։ Այսպիսով կարող ենք փաստել, որ Իրանը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ միջանցքային տրամաբանությունն անընդունելի է իր համար, ինչպես նաև ընդգծում, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը շարունակում են իր համար կարմիր գիծ հանդիսանալ, որոնց խախտումը որևէ պարագայում թույլ չի տալու։ Միևնույն ժամանակ Իրանը Ռուսաստանին հորդորում է հասկանալ երկարաժամկետ հեռանկարում նման զարգացումների աշխարհաքաղաքական հետևանքները և որևէ պարագայում Հարավային Կովկասի հարցում Թուրքիայի հետ գործարքի չգնալ։
Փաստացի իրանական կողմը գործնականում ավելի շատ քայլեր է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար, քան մեր երկրի իշխանությունները, որոնք համառորեն շարունակում են առաջ մղել խաղաղության դարաշրջան բացելու օրակարգը, չնայած այն բանին, որ հակառակ կողմն առհասարակ նման ցանկություն չունի։ Հավելենք նաև, որ Իրանի այս քաղաքականությունը պայմանավորված է նախ և առաջ սեփական շահերի սպասարկմամբ, քանի որ իրանական կողմն Արցախյան հակմարտության օրինակով չափազանց լավ գիտակցում է, թե ինչ հետևանքներ կունենա Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։