Հուլիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ կոնսերվացված հիմնարկից թանգարանը պետք է վերածվի ապրող հիմնարկի։ «Այն թանգարանները, որոնք այս տրամաբանության մեջ չեն կարողանում տեղավորվել, մենք այլ որոշումներ կկայացնենք: Կամ պետք է վարչական որոշումներ կայացնենք, կամ իրավակազմակերպական ձևի հետ կապված որոշումներ կայացնենք, կամ պետք է ընդհանրապես թանգարանի գոյության հարցը դիտարկենք»,- ասել է Փաշինյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ, Հովհաննես Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյանն
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ եթե կա պետական որևէ մշակութային կամ այլ հիմնարկ, որը լավ չի աշխատում, ուրեմն պատասխանատվության պետք է ենթարկվի գերատեսչությունը կամ ամբողջ կառավարությունը, ոչ թե տվյալ հիմնարկը։
«Դա նշանակում է, որ ճիշտ կառավարման սկբունքներ չեն ներդրված, դա նշանակում է, որ ընթացակարգերը սխալ են և դրա համար պատասխանատու է ոչ թե տվյալ օղակը, ասենք` թանգարանը կամ գրադարանը, այլ պատասխանատու է գերատեսչությունը և ամբողջ կառավարությունը։
Մտածելուց առաջ փակել թանգարան, պետք է վերլուծել՝ ինչու է դա այդպես։ Եթե վերլուծվի, կհասկացվի, որ գերատեսչության աշխատանքի խնդիր կա»,- ասաց Նարինե Թուխիկյանը։