Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Պաշտոնական Երևանը հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված իրադրությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերին, ներառյալ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության անհրաժեշտությանը՝ միջազգային ներգրավմամբ:
Հայտարարության համաձայն՝ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացմանը և այն հաղթահարելու անհրաժեշտ քայլերին: Բացի այդ զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերի անհրաժեշտությունը:
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանը հայտնեց, որ Արցախյան հարցը դեռևս իր լուծմանը չի մոտեցել, և այս հարցում թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան կողմն ունեն տարբեր դիրքորոշումներ, իսկ Հայաստանի իշխանությունները, լինելով Արևմուտքի կողմից նշանակված, Արևմուտքի ծրագիրն են փորձում իրականացնել, և հեռախոսազրույցը նույնպես պետք է այս համատեքստում դիտարկել։
Նրա խոսքով՝ սա ճակատագրական կամ շատ կարևոր նշանակություն ունեցող հեռախոսազրույց չէր, սակայն միևնույն ժամանակ չի կարելի նշել, որ հեռախոսազրույցը որևէ նշանակություն չուներ։ «Արևմուտքն, օգտնվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանն Ուկրաինայում դեռևս չի ավարտել իր գործընթացը, փորձում է իր ծրագիրն առաջ մղել, իսկ առաջ մղելու համար Հայաստանի իշխանությունները պետք է որոշակի գործողություններ իրականացնեն, որոնք էլ հեռախոսազրույցների միջոցով հստակեցվում են և այլն։ Հեռախոսազրույցը պետք է հենց այս համատեքստում դիտարկել՝ հերթական խոսակցություններից մեկը, որը եղել է և հետագայում նույնպես լինելու է»,- կարծում է նա։
Հարցին, թե կարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանն աջակցում է Ստեփանակերտ-Բաքու երկխոսության իրականացմանը՝ հաշվի առնելով, որ Վաշինգտոնի կողմից նման առաջարկ եղել է՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ Հայաստանի ղեկավարությունը չի կարող աջակցել Արևմուտքին այս ծրագիրն իրականացնելու համար, վերջիններս նշանակված են այդ ծրագիրն իրականություն դարձնելու համար։
Նրա համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները և արևմտյան երկրների իշխանությունները իրավահավասար կողմեր չեն, որ աջակցեն իրեն։ Բադալյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող նպաստել գործընթացին, քանի որ վերջիններս միայն կատարածուներ են։ Նա նշում է՝ քանի որ Արևմուտքը խնդիր ունի ամեն գնով հասնել Արցախի բնակչության և Ադրբեջանի ղեկավարների միջև երկխոսության իրականացմանը։
Նա ուշադրություն հրավիրեց նաև այն բանին, որ այստեղ սխալ է նաև երկխոսություն տերմինի կիրառությունը, դրա փոխարեն պետք է լինի բանակցություն տերմինը, քանի որ մերժում է Արցախի պետականության գոյությունը և Արցախը դիտարկում է որպես համայնքային միավոր։
«Հիմա հրահանգ է տրված, որ ամեն գնով գնան այդ երկխոսության իրականացմանը, որի խնդիրը պետք է լինի Լեռնային Ղարաբաղը դիտարկել հայկական համայնք Ադրբեջանի կազմում, իսկ դրանից հետո սկսեն քայլեր կատարել այնտեղ՝ միջազգային փաստահավաք խմբի մուտք ապահովելու համար, որտեղ գտնվում են ռուսական խաղաղապահները և հասնել նրանց հեռացմանը։ Իսկ դա տեղի չի ունենալու, քանի դեռ Ռուսաստանը Ուկրաինայում չի պարտվել»,- նշեց նա։
Արմեն Բադալյանը կարծում է, որ եթե Ռուսաստանը Ուկրաինայում չպարտվի, ապա անկախ նրանցից ԱՄՆ-ն և Հայաստանի ղեկավարությունը ինչ են ցանկանում, այնտեղի՝ խաղաղապահների հսկողության տակ գտնվող իշխանությունը չի կարող գնալ նման գործողությունների։
«Եթե Արցախի իշխանությունները գտնվեին Հայաստանի իշխանությունների 100%-անոց վերահսկողության տակ, ապա արդեն գնացած կլինեին, բայց տեսնում ենք, որ խաղաղապահների հանգամանքը խանգարում է արևմտյան ծրագրի իրականացմանը։ Այժմ մենք այս գործընթացն ենք տեսնում»,- շեշտում է նա։
Նրա համոզմամբ՝ եթե Ռուսաստանը հաղթի ուկրաինական ճակատում, ապա Արցախի հարցը բոլորովին այլ զարգացում կունենա, իսկ եթե պարտվի՝ 180 աստիճանով իրավիճակը կփոխվի։ Նա նշում է, որ արևմուտքին դեռևս չի հաջողվում հասնել իր նպատակին, ինչի մասին վկայում են տեղի ունեցող բազմաթիվ հանդիպումները այն գործիչների հետ, որոնք ներկայացնում են Միացյալ Նահանգների խորքային պետությունը, և ում շահերից բխում է, որ ռուսական ուժերն այստեղից հեռանան։
«Մենք տեսնում ենք, որ հանդիպումների ընթացքում տարբեր ծրագրեր են առաջարկում, սակայն դրանք իրականություն չեն դառնում, Ադրբեջանն է խրոխտ հայտարարություններ անում առ այն, որ շուտով կհարձակվի, ամեն ինչ կոչնչացնի, բայց տեսնում ենք, որ որևէ բան էլ չի անում, քանի որ վերջինս տեսավ, որ հունիսի 4-ից մինչև հուլիսի 4-ը ընթացող ուկրաինական հակահարձակման ընթացքում Ուկրաինան որևէ հաջողություն չունեցավ։ Թվում է Ադրբեջանը նախկինում խոսքից գործի էր անցում, ինչպես օրինակ 2021-2022 թվականներին, իսկ հիմա պարզապես խոսում է և վատագույն դեպքում ճանապարհն է փակում, կրակում է գյուղացիների վրա, սակայն ռազմական գործողությունների չի դիմում»,- հայտնեց նա։
Բադալյանը հավելեց, որ արևմուտքը շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանը չի պարտվում Ուկրաինայում և այստեղ ցանկանում է արագացնել իր նպատակների իրականացումը, քանի դրա հնարավորությունը կա։ Նրա խոսքով՝ դա իրականացվում է անվտանգության խորհրդի քարտուղարի միջոցով, Հայաստանի վարչապետին կարգադրություններ տալով, իսկ հետո, երբ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, դա չի կարողանալու անել։