Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել էր Վրաստան։ Այցի շրջանակներում Հայաստանի վարչապետը հանդիպումներ ունեցավ Վրաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները, անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հետագա քայլերին: Փաշինյանն ու Ղարիբաշվիլին նշել են, որ տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճմանը նպաստելու ընդհանուր հանձնառությամբ Հայաստանն ու Վրաստանը նպատակ ունեն ներգրավվել բարձր մակարդակի երկխոսություն ռազմավարական հարցերի շուրջ, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա արդյունավետ համագործակցության համար՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։
Oragir.News-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանը հայտնեց, որ իր կարծիքով այցը դրական է ավարտվել։ Նա ընդգծեց, որ կողմերը տարեցտարի փորձում են թարմացնել և ավելի խորացնել հայ-վրացական հարաբերությունների օրակարգը։
Վրացագետի համոզմամբ՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ապակառուցողական և թշնամական քայլերի ֆոնին ՀՀ-ի բոլոր հարևան երկրները հասկանում են, որ այսօրվա Ադրբեջանն իր ղեկավարության հետ արդեն գլխացավանք են դառնում։ Նա կարծում է, որ սա ինչ-որ չափով հարևան երկրներին մոտիվացիա է տալիս, որպեսզի հայկական ուղղությամբ զարգացնեն իրենց արտաքին քաղաքականությունը։
Նա կարևորում է այն հանգամանքը, որ բանակցությունների ընթացքում խոսք գնաց ռազմավարական երկխոսության մասին, ինչի անհրաժեշտության մասին հայկական կողմն առաջին անգամ պնդել է 2018 թվականին, սակայն այդ տարիներին Թբիլիսին այդքան մոտիվացված չի եղել։ Փորձագետի խոսքով՝ 2020 թվականից հետո իրավիճակը փոխվել է, և հստակ երևում է, որ Վրաստանում նույնպես գնահատում են հարևան Հայաստանին։
«Բոլոր այս հանդիպումները և նախագծերը՝ հարևան երկիր ID քարտերով մուտքուելքի հնարավորություն տալու որոշումը, միմյանց հետ տուրիզմի ոլորտի զարգացումը և համատեղ փաթեթների մշակումը, էներգետիկ ոլորտում համագործակցությունը, այլ ոլորտներում համատեղ նախագծեր իրականացնելու նախաձեռնողականությունը, որոնք թույլ կտան էլ ավելի ակտիվացնել և խորացնել հարաբերությունները, վկայում են այս մասին։ Այս ամենն այսօր արդեն կա, կողմերը դա շատ լավ հասկանում են, և իմ կարծիքով այս ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է»,- նշեց նա։
Հարցին, թե Հայաստանի և Վրաստանի միջև առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագիրը ի՞նչ օգուտներ կտա երկու երկրներին՝ վրացագետը պատասխանեց, որ այստեղ շատ կարևոր է մարդակային գործոնը՝ նշելով, որ եթե Հայաստանի բնակչությունը քաջատեղյակ է Վրաստանից, այնտեղ առկա իրողություններից, ապա նույն չի կարելի ասել Վրաստանի բնակչության համար։ Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ այս ամենը դյուրացվում է և հնարավորություն է տալիս երկու ժողովուրդների միջև շփումն էլ ավելի ակտիվացնել։ Նա այս համատեքստում կարևորեց հատկապես տուրիզմի զարգացումը, փոխադարձ այցելությունները, փառատոների անցկացումը և այլն։
«Վերջերս Դիլիջանում «Միմինո» անունով հայ-վրացական փառատոն տեղի ունեցավ, եթե ծրագիրը հաջողությամբ շարունակվի, ապա հաջորդ տարի այն տեղի կունենա Վրաստանի քաղաքներից մեկում և այլն։ Այս ամենով մենք հանրությանը միմյանց ճանաչելու հնարավորություն ենք տալիս։ Եթե չեմ սխալվում մոտ ժամանակներս մեր Հանրային հեռուստաընկերությունների համատեղ մեգապրոյեկտն է սպասվում, որը շատ հետաքրքիր կլինի մշակութային ոլորտի համար։ Ուստի այս ամենը շատ կարևոր է»,- ընդգծեց նա։
Մելիքյանը նաև ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Վրաստանում առկա է հայ համայնք, և այս ծրագրերի շնորհիվ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներն ավելի հաճախ կայցելեն Հայաստան։ Նրա խոսքով՝ այս որոշումը կարևոր է հատկապես սահմանամերձ գյուղերում և քաղաքներում բնակվող մարդկանց, ինչպես նաև առևտրով զբաղվող անձանց համար, քանի որ անձնագրերի խնդիրը դուրս կգա, քանի որ արդեն մուտքն ու ելքը որևէ ձևով չի սահմանափակվի և անձնագիր փոխեկու կարիք չի լինի։
«Ուստի իմ կարծիքով այս ամեն ինչը շատ դրական իմպուլս է հաղորդում և մտածելու պատճառ է տալիս առ այն, որ երկու քաղաքական էլիտաներն այսօր հասկանում են, որ մեր պետությունների միջև, որոնք մի շարք ընդանրություններ ունեն, կարևոր է միասնական ծրագրերի և ակտիվ համագործակցության իրականացումը, և պետք է ավելի ակտիվ լինենք, միմյանցով ուժեղանանք և տնտեսապես զարգանանք»,- եզրափակեց նա։