«Ամեն օր զոհ, ամեն օր կրակոց, ամեն օր սով, էս ի՞նչ է մեր վիճակը, ու սա այն դեպքում, երբ դեռ չեն թողել Ադրբեջանի կազմում, բա որ թողեցին, ի՞նչ է լինելու»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց 208 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչ Լեսմոնյա Օհանջանյանը։
Տիկին Լեսմոնյան աշխատում է Ստեփանակերտի շուկայում, ժենգյալով հաց ու կարկանդակ է պատրաստում և վաճառում, բայց մի քանի օրից եղած ալյուրն ու ձեթն էլ կսպառվի, ստիպված կլինի տաղավարը փակել։
«Չեմ ուզում բողոքել, բայց Արցախում իրավիճակը լավ չի՝ խանութները դատարկ, շուկաները դատարկ, սնունդ չկա, հույս էլ չունենք, որ կբերեն, մարդկանց մոտ ամեն ինչից ու բոլորից հուսալքություն կա»,- ասաց արցախցի կինը։
Նրա խոսքով՝ թշնամու կողմից Բերձորի ճանապարհը բացելուց հետո, գուցե գտնվեն մարդիկ, որ լքեն Արցախը, բայց ինքը մտքով անգամ չի անցկանում 1 րոպեով անգամ դուրս գալ իր հայրենիքից․
«Ես ոտքս Արցախից դուրս չեմ հանի, սա իմ հողն է, իմ ծննդավայրը։ Մարդիկ չգիտեն՝ ինչ անեն, կախաղանի վրա մարդ այդքան չի կարող դիմանալ, մենք հիմա կախաղանի վրա ենք։ Ես միշտ իմ շրջապատում ասում եմ՝ պետք է մնալ ու պահել մեր հայրենիքը, բայց շատերն արդեն չգիտեն, թե որտեղ է սկվում մեր հայրենիքը ու որտեղ է ավարտվում։ Ես մի բան գիտեմ, որ ամեն մարդու հայրենիք սկսվում է իր փողոցից ու իր տնից։
90-ականներին վիճակը ծանր էր, բայց այս վիճակը չէր, 1992 թվականին հույս կար, հավատ կար, բայց հիմա Հայաստանի և Արցախի իշխանությունները մարդկանց մեջ այդ հույսն ու հավատը մորթում են։
Այդ մարդիկ, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում մեր անվտանգությունը չեն կարողանում ապահովել ու խոսք էլ չեն տալիս, որ կապահովեն։ Մեր նախագահն ասում է՝ ով ուզում է գնա, ջհանդամը գնա, բայց ինչի՞, թող ջհանդամը ինքը գնա իր շրջապատի հետ։ Ինչո՞ւ է ջհանդամն ուղարկում այս ժողովրդին, ինքն այս ժողովրդի ո՛չ ուտելն է կարողանում ապահովել, ո՛չ խմելը, ո՛չ հանգիստը, ո՛չ անվտանգությունը, էլ ի՞նչ իրավունքով է ուղարկում ջհանդամը։
Չգիտեմ, հույս չկա, մարդ չկա, որ հետևից գնաս, ասես՝ այս մարդու հետևից կգնամ, ամեն ինչ լավ կլինի, չկա։
Եթե այսպես շարունակվի, ցավոք սրտի, բայց մի քանի ամսից Արցախից Ա տառն էլ չի մնալու։ Ճանապարհը բացելուց հետո գուցե արցախցիների 20-30 տոկոսը դուրս գան, ես իրենց էլ չեմ մեղադրում, փոքր երեխաներ ունեն, չեն կարողանում պահել, բայց ես դուրս չեմ գա, առաջին մնացողը ես եմ լինելու, ես դուրս չեմ գա մինչև վերջին օղակը չսեղմվի, իսկ այդ օղակը շատ արագ փոքրանում է։ Մարդու շունչը կտրվում է այս վիճակից, գոնե մի տեղից մի հույս լիներ, ավելի վճռական կպայքարեինք, բայց այդ հույսը չկա»։
Տիկին Լեսմոնյան ասաց, որ հետևում է Հայաստանում մասնավորապես Երևանում հանուն Արցախի փրկության իրականացվող ակցիաները, դրանցից առանձնացրեց «ՀայաՔվեն»։
«Ես ողջունում եմ «ՀայաՔվեն», բայց օղակը շատ արագ է փոքրանում, պետք է մի քիչ արագանցնել գործընթացները, այլապես ուշացած կլինի։ Պատկերացնո՞ւմ եք՝ մարդկանց երեխաներ ոչինչ չունեն ուտելու, եղածն էլ, գիտե՞ք, ինչ գին է։
Միրգ գոյություն չունի, ինչ էլ կար, կարկուտը տարել է։ Դեռ չհասած տանձը, դեռ չհասած խնձորը 2500-3000 դրամ է, բայց դա էլ է հազիվ ճարվում։ Պոմիդորը 2000-2500 դրամ է, վարունգը 1000-2000 դրամ, կարտոֆիլը 500-600 դրամ։ Այն օրը հեռուստացույցով տեսա, որ Հայաստանում կարտոֆիլը 90 դրամ է, ասացի՝ այս ի՞նչ օրն ենք ընկել։ Մեր նորածին երեխաները նույնիսկ կեր չունեն, մեծերը, ինչ-որ տեղ հասկանում են, բայց երեխաները։
Փոքրիկները հեռուստացույցով նայում են, ծիրան են ցույց տալիս, ասում են՝ մամ, ծիրան եմ ուզում, մայրը գալիս է շուկա, լաց է լինում, ասում է՝ կարո՞ղ ա շուկայում ծիրան են բերել, 2 հատ եմ ուզում, շատ չեմ ուզում, տանեմ երեխուս, երեխես գիշերը չի քնել, ծիրան է ուզում։ Պատկերացնո՞ւմ եք այդ վիճակը։ Շաքարավազը արդեն չկա, կտրոնները տվել են, բայց չկա, որ առնես։
Դրանք էլ ասում են՝ եկեք, Աղդամից ինչ ուզում եք, տարեք, միայն Աղդամով։ Աղդամով էլ, որ գնացինք բերեցինք, վերջ էլի, մնում ես իրենց իշխանության տակ, իսկ մենք չենք ուզում, սովից կմեռնենք, բայց Աղդամից չենք ուզում․․․ Բայց, որ երեխաները սովից լացում են, մարդիկ ամեն ինչի պատրաստ են, անգամ մարդ սլանել՝ մի կտոր հաց ճարելու համար։
Շրջափակում է, Լենինգրադն է դարձել համարյա։ Ադրբեջանն Արցախում ցեղասպանություն է իրականացնում։ Ցեղասպանությունը միայն ֆիզիկական սպանելը չէ, ինքը օղակը կսեղմի-կսեղմի, մարդիկ արդեն ինֆարկտ, ինսուլտ են ստացել, մարդկանց հոգեականը խանգարվել է, մարդիկ չգիտեն՝ ինչ անեն, չգիտեն»,- ասաց արցախցի կինը։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն էլ տևական ժամանակ է բարձրաձայնում է, որ Ադրբեջանը Արցախում ցեղասպան գործողություններ է իրականացնում, մյուս կողմից էլ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86․600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառված է նաև Լեռնային Ղարաբաղը, տիկին Լեսմոնյան այսպես արձագանքեց․
«Այդ հայտարարությունները խոսում են այն մաիսն, որ Փաշինյանը մեզ թողնում է Ադրբեջանի կազմում, ինքը հենց առաջին օրվանից, որ եկել է իշխանության, ես ասացի՝ մենք մնալու ենք Ադրբեջանի կազմում, էսի եկել է մեզ ծախելու համար, մեզ ծախելու համար, եկավ ու մեզ ծախեց։
2008 թվականի դեպքերը տեսնելով, իր թերթերում հրապարակած հոդվածներին ծանոթ լինելով՝ գիտեի, թե ինչ է մեզ սպասվում։ Ինքն այն ժամանակ ասում էր՝ թող ղարաբաղցիները կորչեն իրենց Ղարաբաղ․ ինքը եկել էր մեզ ծախելու համար, Հայաստանն ու Արցախը ծախելու համար։ Միայն Արցախի համար չեմ ասում, ինչո՞ւ, օղակը Հայաստանի շուրջ չի՞ սեղմվում, քանի-քանի հեկտարներ է տվել արդեն, մարդիկ էլ ի՞նչ են ուզում, էլ ինչի՞ են սպասում, ինչո՞ւ են քնած։
90-ականներին ես իմ 3 երեխաներին թողնում էի տանը, հրապարակից տուն չէինք գնում, քանի որ այն ժամանակ առաջնորդ կար, հույս կար, իսկ հիմա ո՛չ հույս կա, ո՛չ առաջնորդ։
Ես աջակցել եմ Ռոբերտ Քոչարյանին, ես նրա կառավարման տարիներին ոչ մի վատ բան չեմ տեսել, բայց հիմա նրան էլ եմ մեղադրում, որ դուրս չի գալիս, ախր մենք արդեն վերջին շնչում ենք, թող մեկը դուրս գա, ասի, որ Արցախը մերն է, Արցախը կպահենք, բայց բոլորը տեղներում նստած են։ Մի հատ «ՀայաՔվե» ենք անում, բայց դա էլ մինչև ավարտենք, մինչև որոշումները լինեն, թշնամին՝ պիթոն օձը, արդեն մեզ կուլ կտա։ Ամեն դեպքում ինչքան կարող ենք, կդիմանանք։ Իմ անունից, իմ բարեկամների ու շրջապատի անունից եմ ասում՝ մենք ոչ մի տեղ դուրս չենք գա, Ալիևը չէ, Էրդողան ու Նիկոլը լինեն, մենք Արցախից դուրս չենք գա։
Ես բոլորին շարունակում եմ հույս տալ, ասում եմ՝ ամեն ինչ լավ է լինելու․․․»։
Նարեկ Խաչատրյան