«Աղայանը մի հոյակապ մարդ էր ու խոշոր մտածող, երազող, գրող։ Բայց նրա կյանքը անգիր անցկացավ։ Անցկացավ իր բարեկամների, ընկերների ու մտերիմների շրջանում, ու միայն նրանք գիտեն, թե ինչքան բան ուներ նա ու ինչքան բան տարավ իր հետ։
Նրա թողածը շատ է քիչ, տարածն ու կորածը՝ ահագին:
Նա նման չի մեր գրողներից ոչ մեկին։ Նա ամեն մի ճյուղի մեջ ցույց է տվել ինքնուրույն ճաշակ և տաղանդ և երբեք չի եղել երկրորդը։
Նա ունեցել է խոր հավատ ու հարգանք դեպի իր գրիչը, գրիչը համարել է մի սրբազան արարողություն, գրիչ առնելիս կարողացել է վերանալ, և նրա բանաստեղծական աշխատանքն էլ եղել է միշտ վեհ, իդեալական, մաքուր, մանկական»,- իր հավատարիմ ընկերոջ՝ Ղազարոս Աղայանի մասին գրել է Հովհաննես Թումանյանը:

Աղայանը ինդիվիդուալիստ էր, կամ ավելի ճիշտ ասած՝ նա տրամադրության մարդ էր: Նա ոչ մի կուսակցության չէր ենթարկվում: Յուրաքանչյուր ազգային, եկեղեցական կամ հասարակական խնդրի մասին նա ուներ իր հայացքը և հարում էր ժամանակավոր այն կուսակցության, որի վերաբերմունքը դեպի խնդիրը համապատասխանում էր իր հայեցողությանը: Նա 1895 թվին բանտարկվեց և հետո աքսորվեց ոչ իբրև Հնչակյան, ինչպես կարծում են ոմանք, այլ որպես Հայ հեղափոխական: Բայց Աղայանը հեղափոխական էլ չէր: Նա անիշխանական էր: Թո՛ղ այս բառը չշփոթեցնի, անիշխանական` բառիս խաղաղ իմաստով:
Նա ինքնիշխան էր՝ առանց անարխիստների գործողության եղանակն ընդունելու:
Նա ասում էր. «Մարդ միայն մի իշխանություն ունի` բնությունը: Նա իր նմանի իշխանությանը չպիտի ենթարկվի: Եվ ոչ մի մարդ չունե իրավունք իշխելու մի ուրիշ մարդու վրա: Ես համակրում եմ անարխիստների թեորիային, բայց ոչ գործողությանը: Սպանությունների միջոցով չէ, որ վերջ ի վերջո անարխիզմը պիտի տիրե, այլ մարդու մտքի և հոգու կրթությամբ»:

Առհասարակ, Աղայանը գարշում էր մարդկային արյունից, միևնույնն էր՝ ինչ դեպքում և ինչ գաղափարի անունով էլ թափվեր այդ արյունը:
Շիրվանզադեն անբաժան զույգի՝ Թումանյանի և Աղայանի մասին պատմում է․ «Մի առավոտ Ղազարոս Աղայանը տնից դուրս է գալիս տխուր: Նյութական ճգնաժամի օրերից մեկն է լինում: Առօրյա պարենի համար անգամ դրամ չի ունենում գրպանում: Փողոցում նրան ասում են, որ Քուռ գետը շատացել է և Պեսկի կոչված արվարձանը ծածկել ջրով: Աղայանը գնում է գետի ափ՝ տեսարանը դիտելու:
Իմիջի այլոց այնտեղ նա տեսնում է, որ մի մեծ գամփռ ափից անջատված մի հողաթմբի վրա է մնացել գետի մեջ: Շունը սոսկալի ոռնում է: Աղայանը, որ իբրև գյուղացի շատ լավ էր ճանաչում շների միտքը, հասկանում է, որ գամփռը օգնություն է աղերսում:
-Պետք է օգնել կենդանուն,- մտածում է նա և շտապում է Հովհաննես Թումանյանին գտնելու:
-Գնանք ազատենք,- ասում է երիտասարդ բանաստեղծը, որ նույնչափ սիրում էր կենդանիներին, որչափ իր ուսուցիչը:
Գնում են գետի ափ: Գտնում են մի-մի մահակ: Բայց ի՞նչ կարող են անել մահակներով: Գամփռը ջրի մեջ է: Սկսում են երկուսը միասին զանազան գոչյուններով շանը խրախուսել, որ չվախենա և հասկացնել, որ եկել են իրեն ազատելու: Բարի գործից կլանված՝ Աղայանը մոռանում է իր հոգսը և քանի գնում, այնքան ավելի է ոգևորությամբ խրախուսում շանը:

Հանկարծ Հովհաննեսը հետ է նայում և տեսնում, որ ահագին մի ամբոխ ափի վրա նայում է իրենց և բարձրաձայն քրքջում.
-Այ մարդ, հեռանանք այստեղից, շանը չազատեցինք, իսկ մենք խայտառակվեցինք:
Եւ բռնելով Աղայանի թևից, քաշում-հեռացնում է:
-Հովհաննես, այդ ի՞նչ բան է,- սթափվում է Աղայանը,- մենք աշխատում ենք մի շուն ազատել սովամահ լինելուց, իսկ մեզ համար մտածող չկա…
Այսպես էին ուսուցիչ և աշակերտ, Դոն Քիշոտներ` բառիս ազնվագույն իմաստով»: