Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Սան Մարինոյի նորանշանակ դեսպանը
copy image url

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Սան Մարինոյի նորանշանակ դեսպանը

Ներքին 1 տարի առաջ - 19:46 27-06-2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սան Մարինոյի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դելֆինա Ռոսսին (նստավայրը՝ Հռոմ):

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ:

Իր խոսքում Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանում Սան Մարինոյի դեսպանի նշանակումը խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար:

«Չնայած մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2006 թվականին, սակայն դուք Սան Մարինոյի առաջին դեսպանն եք Հայաստանում և լիահույս եմ, որ Ձեր նշանակումը կնպաստի մեր երկրների բարեկամական հարաբերությունների սերտացմանն ու համագործակցությանը»,- ասել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նորանշանակ դեսպանն ասել է.

«Շատ ուրախ եմ այստեղ գտնվելու համար, ես շատ սիրեցի Հայաստանը և իմ ջանքերը կներդնեմ մեր երկրների հարաբերությունների զարգացման համար»:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ:

Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, տուրիզմի և տնտեսական ոլորտներում Հայաստանի և Սան Մարինոյի փոխգործակցության առկա ներուժի իրականացման վերաբերյալ հարցեր:

Ամենից շատ դիտված