«Նախատեսվում է բյուջետային աջակցության նպատակով 92.3 մլն եվրո, կամ 100 մլն դոլարին համարժեք միջոցներ ներգրավել»,-ԱԺ-ում հայտնեց ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը՝ զեկուցելով Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Փոխնախարարն ասաց, որ դրանք ուղղվելու են 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը:
Ըստ Հակոբյանի՝ բյուջեով նախատեսված է 350 մլն դոլար արժողությամբ բյուջետային վարկեր ներգրավել, իսկ 100 մլն դոլարի նոր վարկն ուղղվելու կապիտալ ծախսերին՝ ճանապարհների, դպրոցների և մանկապարտեզների կառուցմանը, որոնք ունեն մուլտիպլիկատիվ ազդեցություն:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ վարկը ներգրավվում է կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործողությունների շրջանակներում, ինչի ուղղությամբ բնապահպանական ուղղվածությամբ մի շարք օրենսդրական փոփոխություններ և բարեփոխումներ են արվել:
Էդուարդ Հակոբյանը նաև հայտնեց, որ վարկը տրամադրվում է 3.6 %-ով: