Գրող Նունե Լևոնյանն
Oragir.News-ի հետ զրույցում պատմել է իր՝ վերջերս լույս տեսած «Այդ տարին» ինքնակենսագրական գրքի մասին։
Բացի «Այդ տարին» գիրքը՝ Նունեն ունի տպագրված ևս երկու գիրք՝ «Հույսը» (2006) և «Դասեր, որ պետք չեն գալու» (2015):
Նունեն ասում է, որ գիրքը պարզապես ինքնակենսագրական չի անվանում։ Նունեն նաև նշում է, որ գիրքն իր մեջ որևէ մեսիջներ, թաքնված միտք փոխանցելու նպատակ չի հետապնդում, քանի որ ամենապարզ լեզվով ներկայացվող նկարագրողական շարադրանք է։
«Համաձայն եմ, որ առանց ամպրոպի անձրև չի գալիս։ Իհարկե, ասելիք պիտի լինի, թեև պարտադիր չէ՝ որևէ չլուծված խնդիր ունենաս, կամ ինչ-որ միջադեպ պատահած լինի: Իմ դեպքում տեսածիս մասին բանավոր պատմելով չբավարարվելն էր գրելու պատճառը, անհամբեր էի տպավորություններս կիսելու և իմ կյանքում պատահած այդ գեղեցիկ տարին ամփոփ ձևով ներկայացնելու համար: Գրքի առանցքը Հայաստանի և Ամերիկայի փոքրիկ մի հատվածի մշակութային համեմատությունն է՝ բնության, միջավայրի, մարդկանց և իրադարձությունների նկարագրության տեսքով: Ես փորձել եմ ինձ հնարավորինս դուրս թողնել գրքի բովանդակությունից, որպեսզի ավելի շեշտադրվեն մեկ տարվա ընթացքում երկրից ստացված տպավորությունները: Իհարկե, հնարավոր չէ բացառել ինքնակենսագրական տարրերը, ի վերջո, այն ամենը, ինչի մասին գրքում պատմում եմ, ինձ հետ է պատահել: Այնուամենայնիվ, գիրքն ավելի շատ ամերիկյան կյանքում իմ ապրած զարմանքի, քան իմ մասին է, և գրելու առումով էլ առավել հեշտ է տրվել, քան բանաստեղծությունները»,- ասաց Նունեն:
Հարցին, թե ինչպիսին պետք է լինի իր շուրջը գրելիս, ստեղծագործելիս և արդյո՞ք եղել են դեպքեր, երբ իր բալիկը ամեն կերպ փորձել է «շեղել» ուշադրությունը, գրողը պատասխանում է, որ հարցը ժպտացնող է։
«Ժամանակի և տարածության նույն կետում բալիկն ու գրելը, իհարկե, անհամատեղելի են: Մենք ապրում ենք Հարավային Կարոլինայում, ուր հայկական դպրոց և եկեղեցի չկա, այդ պատճառով ամեն կիրակի գնում ենք հարևան նահանգ՝ Հյուսիսային Կարոլինա, որպեսզի մեր տղան հայկական կիրակնօրյա դպրոց գնա: Եվ դպրոցի ժամերն ամուսինս ու ես անցկացնում ենք «Պաներա» կոչվող մի փոքրիկ սրճարանում, ուր շատ հարմարավետ բազմոցներ և առանձնանալու անկյուններ կան: Դպրոցում մեր տղան անցկացնում է մոտավորապես 3 ժամ, և ես գրում եմ միայն այդ ժամերի ընթացքում: Ընդհանուր առմամբ, գիրքը գրելն ու վերջնական տեսքի բերելը տևել է մոտ 4 ամիս՝ բավական կարճ ժամանակ, եթե հաշվի առնենք, որ շաբաթվա մյուս օրերին ես գրելու ժամանակ չեմ ունեցել»,- ասաց Նունեն:
Նունեն նշում է, որ ընթերցողի տեսանկյունից մտածելով կկարդար այս գիրքը, քանի որ գիրքը ոչ ծանր իրականության մասին է։ Գրողը ասում է, որ մեր կյանքն այս պահին շատ ծանր կողմեր ունի, և այլ թեմաներով մի փոքր ցրվելը չէր խանգարի:
«Ես այդպես կբնութագրեի իմ գիրքը․ այն չի դիպչում մեր ցավոտ կողմերին, չի խանգարում, թեև Ամերիկայում ապրելուն զուգահեռ ես երբեմն կրկնակի ցավ եմ ապրում՝ տեսնելով մեզ համեմատության մեջ՝ և՛ լավ, և՛ վատ առումներով: Այնուամենայնիվ, ճանաչողական նպատակից բացի, գրքում կարելի է նաև ժամանց գտնել՝ տեսնելու իրականության երբեմն աչքաթող արվող նրբությունները: Տեսնելու, որ լավը դեռ կա: Չնայած աշխարհում տիրող խառը իրավիճակին և երբեմն մեզ կլանող հուսահատությանը՝ լավը դեռ կա ամենուր»,- ասաց մեր զրուցակիցը՝ եզրափակելով զրույցը: