Իրավիճակը այս պահին անփոփոխ է, ճանապարհը տոտալ փակ է, որևէ հումանիտար բեռ, դեղորայք կամ անձիք չեն կարող Բերձորի միջանցքից անցնել։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով այս պահին Արցախում տիրող իրավիճակին։
Հարությունյանը նկատեց, որ ըստ էության ամսի 15-ից մինչ օրս ոչ մի բան չի փոխվել։
«Մհեր Գրիգորյանը հաղորդեց, որ փոխվարչապետերի հանդիպում պետք է ունենա, ես կարծում եմ, որ այդ հանդիպումների իմաստն հենց այն է, որ իրավիճակը փոխվի, բայց մինչ օրս տեսնում ենք, որ, ցավոք սրտի, թշնամին մեր ուղղությամբ ապակառուցողական կեցվածք ունի»։
Հարցին, իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ հանդիպման ժամանակ էլի ինչ-որ նախապայմաններ դրվեն, հետո դրանց կատարումը պահանջեն, որ հնարավորություն տան տեղաշարժվել, Հարությունյանը ասաց. «Ես նման տվյալներ չունեմ, իմ տվյալներով ադրբեջանական կողմը պնդում է, որ այն տեղը, որտեղ իրենք ուզում էին դրոշ տեղադրել, իրենցն է, հայկական կողմն էլ ասում է, որ այդպես չէ»։
Հարցին, թե սննդամթերքի հետ կապված խնդիր չկա՞, Հարությունյանն ասաց, որ տեղին չի համարում այդ հարցին պատասխանել, տեղին չի տվյալները հրապարակելը։
Խոսելով մարդկանց հոգեվիճակից՝ Հարությունյանն ասաց. «Տրամադրություններն անկումային են, սրա մասին խոսք չի կարող գնալ, որովհետև արդեն համարյա 200 օր է՝ Արցախը այս վիճակում է գտնվում, մյուս կողմից էլ ժողովուրդը պինդ է, որքան հնարավոր է, դիմադրում են»։
Խոսելով Շուշիի 4 գյուղերի մասին, որոնց կապը կտրված է ոչ միայն Ստեփանակերտի և Գորիսի հետ՝ Հարությունյանն ասաց. «Իրենց վիճակը կրկնակի դժվար է, ըստ էության, ամբողջ Արցախն է շրջափակման մեջ, բայց այստեղ գոնե համայնքները իրար հետ ինչ-որ ձև կապված են, բայց այդ չորս համայնքների հետ կապ չկա, հեռախոսային կապ ունենք»։
Հիշեցնենք, որ այս պահին Արցախում գտնվող 190 բուժառու, փակ ճանապարհի պատճառով, չեն կարողանում տեղափոխել Հայաստան։