Կոնգրեսականների նախաձեռնությունը ոչ մի ազդեցություն չի ունենա Սպիտակ տան վրա
copy image url

Կոնգրեսականների նախաձեռնությունը ոչ մի ազդեցություն չի ունենա Սպիտակ տան վրա

Խոսք Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 20:00 22-06-2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ Կոնգրեսի 54 ներկայացուցիչ, կոնգրեսական Բարբարա Լիի գլխավորությամբ, նամակ են հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ պահանջելով Ջո Բայդենի վարչակազմից դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին և աջակցել Արցախին և դեմ հանդես գալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը և հակահայկական ագրեսիային։

Հատկանշական է, որ ԱՄՆ-ում տասնամյակներ շարունակ գործում է հայտնի 907-րդ բանաձևը, որն արգելում է Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը, քանի դեռ այդ երկիրը չի դադարեցրել Հայաստանի և Արցախի նկատմամբ իրականացվող հարձակումները և շրջափակումը։ Սակայն 2002 թվականից ԱՄՆ կոնգրեսը նախագահին հնարավորություն տվեց շրջանցելով այս արգելքը օգնություն տրամադրել Ադրբեջանին, և ԱՄՆ նախագահներն ամեն տարի օգտվում են այս հնարավորությունից։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը դրական գնահատեց, որ կոնգրեսականները նման նախաձեռնությամբ են հանդես եկել՝ միևնույն ժամանակ վստահություն հայտնելով, որ դա որևէ ազդեցություն չի ունենալու Սպիտակ տան քաղաքականության վրա։ Նա նշեց, որ նմանատիպ շատ նախաձեռնությունների է ծանոթ, որոնք որևէ արդյունք չեն տվել։

«Ցավոք սրտի, այնպիսի միջազգային համատեքստ է ստեղծվել, որտեղ Ալիևի համար առկա են գործելու իդեալական հնարավորություններ։ Մի կողմից Ռուսաստանի կարողություններն են սահմանափակ, մյուս կողմից ԱՄՆ-ն կամ Արևմուտքը շահ չունեն, որպեսզի Հայաստանին և Արցախին աջակցեն Ադրբեջանի դեմ։ Հետևաբար այս պայմաններում, նաև հաշվի առնելով Արևմուտք-Ռուսաստան գլոբալ հակադրությունը, Ադրբեջանի ղեկավարությունը հաշվարկել է, որ իր դեմ առարկայական միջազգային ճնշումներ չեն լինելու, և ինքը դիմում է նման գործողությունների»,- կարծում է նա։

Սուրենյանցը հիշեցնում է, որ տարեսկզբին Կոնգրեսում Բայդենի առաջ բարձրացվել է Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու հարցը։ Նա նշեց, որ ԱՄՆ նախագահն այդ ժամանակ շատ հստակ պատասխանել է, որ այս պահին Սպիտակ տունը վերանայումների կարիք չի զգում, որովհետև Ադրբեջանն իրենց համար շատ կարևոր դաշնակից է՝ այն առումով, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ունի շատ մեծ սահման։

Նա չի կարծում, որ այս ամիսների ընթացքում պաշտոնական Վաշինգտոնի քաղաքականությունը փոխվել է։ Քաղաքագետը միևնույն ժամանակ չի բացառում, որ որոշակի պատժամիջոցներ կիրառվեն, կամ ինչ-որ աջակցությունից զրկեն, եթե Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսի Հայաստանի Հանրապետության դեմ։ «Ցավոք սրտի, Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների պատճառով, որքան էլ բոլորս գիտենք, որ այնտեղ անելանելի հումանիտար ճգնաժամ է ստեղծված, հնարավորություն չեմ տեսնում, որ Վաշինգտոնը Ադրբեջանի նկատմամբ իր վերաբերմունքը փոխի»,- ընդգծեց նա։

Հարցին, թե որքանով կարող է ԱՄՆ-ի դիրքորոշման վրա ազդել այն հանգամանքը, որ Ադրբեջանը Երասխում կրակ է բացել նաև Հայաստանի և ԱՄՆ-ի կողմից համատեղ կառուցվող գործարանի ուղղությամբ, մեր զրուցակիցը նկատեց, որ հստակ չէ՝ արդյոք այդ ներդրումները Միացյալ Նահանգների կողմից պաշտոնապես խրախուսվա՞ծ են, թե՞ մասնավոր անձ է կատարում, բացի այդ՝ մի շարք այլ հարցեր կան։ Նրա խոսքով՝ եթե դրոշը ԱՄՆ-ի նախաձեռնությամբ է բարձրացվել, ապա դա այլ բան է և նշանակում է անվտանգության որոշակի մակարդակ, իսկ դա մեր նախաձեռնությամբ է եղել, ապա որևէ բան չի փոխվելու։

Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ ցանկացած մարդ իր տան բակում կարող է ԱՄՆ-ի դրոշը բարձրացնել, սակայն դա չի նշանակում, որ իր բակն ավելի պաշտպանված է դառնալու։ «Ես տեղեկություն չունեմ՝ այդ դրոշը մե՞ր նախաձեռնությամբ է բարձրացվել, թե՞ ամերիկյան կողմի, որովհետև դրանք երկու տարբեր վիճակներ են։ Ներկայումս Հայաստանում ծածանվում է ռուսական դրոշ, որը բարձրացվել է ռուսական ռազմաբազայի կողմից. այսինքն՝ դա Ռուսաստանի մեսիջն է առ այն, որ ինքը Հայաստանի պաշտպանության հարցում ունի դերակատարություն։ Միևնույն ժամանակ մենք փողոցներում տեսնում ենք տասնյակ այլ երկրների դրոշներ, որոնք մենք ենք տեղադրել, և դրանց քաղաքական նշանակությունը շատ սահմանափակ է, կամ նույնիսկ զրոյական»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»