Նախօրեի Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Արման Սահակյանը, Արմեն Աշոտյանը և Կարեն Ավագյանը դպրոցի շենք և տարածք են սեփականաշնորհել, ապա օտարել։
Ըստ հաղորդագրության՝ 2011-2018թթ․ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնն զբաղեցրած Արման Սահակյանն իր օգնականի, Արմեն Աշոտյանի վարորդի կնոջ և Կարեն Ավագյանի կնոջ անվամբ հիմնված «Քիդս Քեը» ՍՊ ընկերության միջոցով, 2015թ. ապրիլին կնքված պետական գույքի օտարման և գրավի պայմանագրով 163.115.680 ՀՀ դրամ արժեքով ձեռք են բերել պետական գույք հանդիսացող՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող՝ 1063.25 քմ մակերեսով 2 առանձին մասնաշենքերից և պարսպից բաղկացած անշարժ գույքը՝ դպրոցը, 36 ամսում տարաժամկետ վճարելու պայմանով, և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0.303439 հա հողատարածքը՝ 32.498.320 ՀՀ դրամով։ Այնուհետև, 2019թ. մայիսին 240 մլն դրամով այն վաճառել են իրենց հետ փոխկապակցված ՀՀ տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար Հրանտ Բեգլարյանին պատկանող ՍՊ ընկերությանը:
Հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) և 442-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) նախաձեռնվել է նոր քրեական վարույթ:
Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ այս գործով Աշոտյանին մեղադրանք առաջադրված չէ։ Միաժամանակ, նա նաև հայտնեց, որ գործին անդրադարձել է իր գրառման մեջ, որտեղ մասնավորապես նշել էր, որ Աշոտյանը դրա հետ կապ չունի։
«Ինչպես հասցրել եմ ճշտել, այդ «հանցագործության» արդյունքում պետությունը ստացել է շուրջ 600 հազար դոլարի եկամուտ: Կա՛մ Աշոտյանի մոտ հանցանք կատարելը չի ստացվում, կա՛մ Քննչական կոմիտեի մոտ՝ դրանք բացահայտելը․ երրորդ տարբերակ արդեն չի մնում»: