Բաքուն կարծում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը երկարաժամկետ խաղաղություն կբերի
copy image url

Բաքուն կարծում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը երկարաժամկետ խաղաղություն կբերի

Արտաքին 1 տարի առաջ - 19:30 21-06-2023
Ադրբեջանի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը երկարաժամկետ խաղաղություն կբերի Կովկաս: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Գաֆարովան ասել է Վիեննայում՝ Ավստրիայի խորհրդարանի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ հանդիպման ժամանակ։

Հաղորդվում է, որ Գաֆարովան Սոբոտկային տեղեկացրել է Ադրբեջանում և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Նա նշել է, թե, իբր այժմ ընթանում է Արցախի օկուպացված տարածքների վերածնունդը, և «Ադրբեջանը վերականգնում է օկուպացիայի ժամանակ ավերված բոլոր ենթակառուցվածքները, քաղաքներն ու գյուղերը»։

«Նախկին հարկադիր վերաբնակներն արդեն սկսել են վերադառնալ իրենց հայրենի հողեր։ Սակայն ազատագրված տարածքների վերականգնմանը խոչընդոտում է Հայաստանի կողմից տեղադրված ավելի քան 1 միլիոն ականների առկայությունը, ինչպես օկուպացիայի ժամանակ, այնպես էլ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Մեր ավելի քան երեք հարյուր քաղաքացիներ 2020 թվականի աշնանից մինչ օրս ականների պայթյունների զոհ են դարձել։ Ավաղ, Ադրբեջանն այս տարածքների ականազերծման հարցում չի տեսնում միջազգային հանրության անհրաժեշտ աջակցությունը»,- հայտարարել է նա։

Ադրբեջանի մեջլիսի նախագահը հայտնել է նաև, որ պաշտոնական Բաքուն ձգտում է խաղաղության և Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ «Հայաստանը պետք է դադարեցնի զինված սադրանքները, փոխարենը քաղաքական կամք դրսևորի և խաղաղության պայմանագիր կնքի, քանի որ դա երկարաժամկետ և երկար սպասված խաղաղություն կբերի Կովկաս»,- եզրափակել է նա։

Ձեզ գուցե հետաքրքրի