Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ սահմանված է, որ Ռուսաստանը ապաշրջափակվող ճանապարհների վրա ունենալու է մոնիթորինգի, ոչ թե վերահսկողության ֆունկցիա։
Նա միևնույն ժամանակ հայտնել էր, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապաշրջափակման հարցով դետալները դեռևս քննարկման փուլում են։ Կոստանյանի հայտարարությանն անդրադարձել էր նաև ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ հայտարարության մեջ ֆիքսված է ոչ թե մոնիթորինգ, այլ հենց վերահսկողություն բառը՝ կոչ անելով չմոլորեցնել հանրությանը։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն ընդգծեց, որ Հայաստանի փոխարտգործնախարարի հայտարարությունը հստակեցնում է ոչ թե հարցը, այլ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, որը նա համարում է ճիշտ և ընդունելի, քան ճանապարհների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողական գործառույթները։
Նրա խոսքով՝ այլ հարց է, թե դա որքանով ընդունելի կլինի ռուսական և ադրբեջանական կողմերի համար և որքանով է դա համաատասխանում նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթին։ «Եթե այդպիսի անհամապատասխանություն կա, կամ դիմացինն այդպես է ընկալում, ապա դրանից օգտվելով նրանք փորձելու են շարունակել Արցախի շրջափակումը և խախտել նոյեմբերի 9-ի փաստաթղթի բոլոր կետերը, ինչպես մինչև հիմա անում էին։ Պարզապես կփոխվի այն, որ դրա պատասխանատվությունը կբարդեն նաև հայկական կողմի վրա»,- նշեց նա։
Հարցին, թե Շարմազանովի հայտարարությունից կարո՞ղ ենք ենթադրել, որ նա և իր քաղաքական ուժը կողմ են այնպիսի միջանցքի տրամադրմանը, որը չի գտնվի Հայաստանի վերահսկողության տակ՝ քաղաքագետը նշեց, որ չի կարող նշել՝ նրանք կո՞ղմ են, թե՞ ոչ՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ նրանք պարզապես փաստն են արձանագրում, որ Նիկոլ Փաշինյանը այդպիսի կոպիտ սխալ է թույլ տվել և փաստաթուղթ է ստորագրել, որով այդ ճանապարհի անվտանգության ապահովումը պատվիրակվում է ռուսական կողմին։
Նրա համոզմամբ՝ սա փաստ է, լավ կլիներ, որ այսպես չլիներ, սակայն Հայաստանն արդեն ստորագրել է այս փաստաթուղթը, և խնդիրն այն է, որ եթե հիմա դրանից հրաժարվենք արդյոք դրանից որևէ բան կշահե՞նք, թե՞ մեր վիճակն ավելի կծանրացնենք։ Նա կարծում է՝ այստեղ ոչ թե ցանկությունների, այլ հնարավորությունների խնդիր է։ «Իհարկե, լավ կլիներ, որ այդպիսի կետ առհասարակ չլիներ, սակայն, եթե կա այդ իններորդ կետն, արդյոք դրանից խուսափելը մեր վիճակն ավելի չի՞ բարդացնի՝ թեթևացնելու փոխարեն»,- կարծում է նա։
Հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է այնպես խուսափել այդ պարտավորության կատարումից, որ դա երկրի համար լուրջ սպառնալիքների և մարտահրավերների չհանգեցնի՝ Արմեն Բաղդասարյանը պատասախանեց, որ Հայաստանը տեսականորեն այդպիսի հնարավորություն ունի, սակայն հարց է, թե մենք ի՞նչ գին ենք վճարելու դրա համար։ Նրա խոսքով՝ արդեն հինգերորդ օրը շարունակվող Արցախի տոտալ շրջափակումն ակնհայտորեն այն գինն է, որը մենք վճարում ենք դրա դիմաց և հայտնի չէ, թե ինչպես ենք դիմագրավելու դրան։
«Անկհայտն է, որ Ադրբեջանը դա ընկալում է, ինչպես իրենք են ասում, իր սոցիալ-տնտեսական կյանքին ինտեգրելու գործիք։ Ակհայտ է նաև, որ սա ռուս-ադրբեջանական համատեղ միջոցառում է, և եթե ռուս խաղաղապահներն իրենք էլ հայտնվել են ինչ-որ խնդիրների առաջ, ապա նրանք շատ արագ այդ հարցը կլուծեն, այսինքն՝ իրենց մատակարարումները կստանան Ադրբեջանից, ինչն արցախահայությունը չի կարող անել։ Որովհետև եթե դա անի, գալու են հաջորդ քայլերը, նրանք դա ընկալելու է որպես ինտեգրման առաջին քայլ, հաջորդիվ պահանջելու են, որ դրա դիմաց վճարվի, օրինակ, ադրբեջանական մանաթով, այդպիսով միջամտելու են ֆինանսական համակարգին և այլն»,- ընդգծեց նա։
Քաղաքագետը հավելեց, որ ադրբեջանական պահանջներից մեկը կատարելուց հետո մեզ ստիպելու են կատարել նաև մյուսները, ինչը հանգեցնելու է Արցախի հայաթափմանը։ Նրա համոզմամբ՝ սա է պատճառը, որ մենք այս ճանապարհով չենք կարող գնալ, իսկ ռուս խաղաղապահները կարող են։ «Ադրբեջանի հետ միասին, Հայաստանի և Արցախի վրա ճնշումներ գործադրելով, կոնկրետ Ռուսաստանն իր շահն է ակնկալում՝ կոնկրետ Մեղրու միջանցքով իր վերահսկողությունը հաստատելու նպատակն է հետապնդում»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան