Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա։ Պաշտոնական Երևանը պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցի օրակարգի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի հրապարակել։
Oragir.News-ի հետ զրույցում «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը նշեց, որ տարածաշրջանում Արևմուտքը՝ մասնավորապես ԱՄՆ-ն, դերաբաժանում է կատարել և Ֆրանսիային դեր է հատկացրել։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան պետք է Հայաստանի և հայ հասարակության շրջանում պատրանք ստեղծի առ այն, որ ՀՀ-ն իվիճակի է լուրջ ռազմական խնդիրներ լուծել և հաջողություններ արձանագրել։
«Պարզ ասած՝ նրանք փչում են հայկական բանակի անպարտելիության փուչիկը, ինչպես 103 տարի առաջ, երբ Հայաստանում նույն բանով զբաղված էր Մեծ Բրիտանիան։ Իրենք այն ժամանակ իբր հայկական բանակ էին ձևավորում, կառուցեցին, սակայն 1920 թվականի սեպտեմբերին հայ-թուրքական պատերազմ հրահրեցին, որում Հայաստանը փայլուն կերպով պարտվեց։ Հիմա նույն դերը ստանձնել է Ֆրանսիային. այսինքն՝ Ֆրանսիան ասում է՝ ես ձեր կողքին եմ, քաղաքական հայտարարություններ է անում, ռազմական կցորդ է նշանակում, ռազմական համագործակցության մասին խոսում և այլն»,- կարծում է նա։
Այվազյանն ընդգծեց, որ նման քայլերով Արևմուտքը փորձում է հայկական կողմին համոզել, որ վերջինս կարող է առանց Ռուսաստանի և Ֆրանսիայի օգնությամբ բանակն այնպես զինել, որ հետո հարկ եղած դեպքում որոշակի ռևանշի հասնել։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ին տարածաշրջանում և ցանկացած այլ վայրում, որտեղ հնարավոր է Ռուսաստանին հարվածել և երկրորդ ճակատ բացել պատերազմ է անհրաժեշտ, որից մեկն էլ Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը կլինի։
Փորձագետը կարծում է, որ հենց այս նպատակով Փաշինյանին արգելեցին ստորագրել ՀԱՊԿ-ի օգնության փաստաթուղթը, քանի որ ՀԱՊԿ-ի ուժերը կկանգնեին երկու երկրների միջև, և պատերազմի հավանականությունը կփոքրանար։ Նրա համոզմամբ՝ Հայաստանին փորձում են գցել ծուղակը, որ վերջինս կարող է Ֆրանսիայի աջակցությամբ և ֆրանսիական զենքով հասնել հաջողության, իսկ Արևմուտքն էլ իր հերթին քաղաքական օժանդակություն է ցուցաբերում։ «Այսինքն՝ մի կողմից ՀԱՊԿ-ի օգնությունը չեն ընդունում, իսկ մյուս կողմից՝ թեքվում են Արևմուտք։ Արևմուտքը հարմար պահին որևէ սադրանք կհրահարի, որը կհանգեցնի նոր էսկալացիայի, իսկ այդ եվրոպացի դիտորդները հենց դրա համար են եկել և հետախուզություն են իրականացնում»,- նշեց նա։
Վերջինս ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանին փոխարինող է նախապատրաստում, քանի որ վերջինս հարմար չէ նոր էսկալացիայի համար։ Փորձագետի համոզմամբ՝ Արևմուտքը Փաշինյանի փոխարեն նախապատրաստում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին։ «Այսպես կոչված ռադիկալ և ռևանշի հասնող ուժի դերում Ժիրայր Սեֆիլյանի փուչիկն են փչում․ օրինակ՝ որպես պաշտպանության նախարար։ Այս նպատակով տարածում են ռևանշի հասնելու, մեր հողերը հետ բերելու, Կուր-Արաքսյան հանրապետություն ստեղծելու, ռազմական գործողություններում Արևմուտքի կողմից քաղաքական աջակցություն տրամադրելու կեղծ թեզերը։ Երբ այս փուչիկը բավականաչափ կփչվի, և հասարակությունն էլ կսկսի հավատալ դրան, Արևմուտքը մի կայծ կտա, և նոր պատերազմ կբռնկվի, որտեղ Հայաստանին փայլուն կերպով կտանեն նոր պարտության»,- շեշտեց նա։
Հարցին, թե հնարավո՞ր է Պապիկյանի այցից հետո Ադրբեջանը կրկին լարի սահմանին տիրող իրավիճակը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ անգամ նրա բրյուսելյան այցից հետո Տեղ գյուղում իրավիճակը լարվեց, Այվազյանը դրական պատասխանեց՝ նշելով, որ Ալիևը շատ լավ հասկանում է, թե ինչու է Պապիկյանը Ֆրանսիա մեկնել, այցելել Եվրոպայում ՆԱՏՕ-ի շտաբ և այլն։ Նրա համոզմամբ՝ Ալիևն անընդհատ լարելու է իրավիճակը, և նման սադրանքները շարունակական են լինելու։
«Օրինակ՝ Տեղ գյուղի մոտ այս վերջին կրակոցներից հետո ի՞նչ երաշխիք կար, որ Ադրբեջանը դրան շարունակություն չէր տալու։ Ասում էին՝ մենք եկել ենք բանակցելու, և մեզ վրա կրակում են, իսկ եթե շարունակություն տային, և մեծ էսկալայցիայի վերածվեր, ի՞նչ էր անելու Հայաստանը։ Այդ ժամանակ ԵՄ դիտորդները չեկա՞ն, չէ՞, իրավիճակը կանխելու։ Ավելին դեռ ԵՄ դեսպանն էլ ասեց, որ իրենք չեն լինելու այն տեղերում, որտեղ ինչ-որ դեպքեր են կատարվում։ Այսինքն՝ հստակ պրովոկացիա են անում»,- նշում է նա։
Մեր զրուցակիցը նաև ուշադրություն է հրավիրում այն բանին, որ ամերիկյան գեներալները ժամանում են Հայաստան և Ադրբեջան, բացի այդ՝ Պենտագոնի հատուկ գործողությունների մասնագետներից երկուսը վերջերս եկել էին Հայաստան։ Նրա համոզմամբ՝ ակնհայտ է, որ այդ ամենն ուղղված է նոր պատերազմ հասունացնելուն, իսկ այդ նոր պատերազմի համար Հայաստանը պետք է Ռուսաստանից հնարավորին կտրվի և հավատա Ֆրանսիայի ռազմաքաղաքական օգնությանը։ «Երբ բավականաչափ կհավատա, թակարդը կընկնի, ապա արդեն նոր պատերազմը պատրաստ կլինի։ Այդ ժամանակ մի կայծ կլինի, և պատերազմը կբռնկվի»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան