Փաստաբանները Աննա Վարդապետյանին հեռուստացույց նվիրեցին

Ներքին Խոսք Տեսանյութ 1 տարի առաջ - 16:17 19-06-2023
Հայաստանի մի խումբ փաստաբաններ այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ժապավենով փաթեթավորված հեռուստացույց նվիրեցին։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը, այս ակցիային անդրադառնալով, ասաց, որ իրենց նպատակն այն է, որ Վարդապետյանը հնարավորություն ունենա ծանոթանալու տեղի ունեցող իրադարձություններին, օրինակ, փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին:

«Այս հեռուստացույցը, բացի Հանրային Հեռուստատեսությունից, նաև այլ ալիքներ է բռնում և այդ ալիքներով ինքը հնարավորություն կունենա տեղեկանալու, որ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքեր են տեղի ունենում»։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ոստիկանության կենտրոնի բաժանմունքում փաստաբանի և իր վստահորդի էին բռնության ենթարկվել։ Փաստաբանի նկատմամբ այս դեպքում վարույթ էր հարուցվել, իսկ ոստիկանները դեռ շարունակում են աշխատել ոստիկանական համակարգում։

Մինչդեռ, Աննա Վարդապետյանն Ազգային Ժողովում հայտարարել էր, թե տեղյակ չէ այդ դեպքի մասին: