Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնում ընտրվել է ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (Ակադեմիկոս), նախագահության անդամ Էդվարդ Սանդոյանը։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասել է հայ-ռուսական համալսարանի մամուլի խոսնակ Հենրիկ Մարգարյանը։
Հիշեցնենք, որ ռեկտորի պաշտոնում թեկնածու չլինելու պատճառով՝ համալսարանը չէր կարող հոգալ անգամ կոմունալ ծառայությունները, վարձատրել համալսարանի աշխատակիցներին։
Համալսարանի մամուլի խոսնակն ասաց, որ հունիսի 14-ին Հայ-ռուսական համալսարանի բոլոր աշխատակիցները ստացել են իրենց աշխատավարձերը։
Հարցին, թե այս ամենը ուսանողների հոսքին խանգարում է, թե ոչ, մեր զրուցակիցն ասաց, որ շարունակվում է ընդունելության գործընթացը Հայ-ռուսական համալսարանի բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա՝ անվճար և վճարովի համակարգերի համար։
«Այդ տվյալները մենք մշտապես ամփոփում ենք նոր ուսումնական տարվա սկզբին՝ սեպտեմբերին, և Ձեր հարցին հստակ կկարողանամ պատասխանել միայն այդ ժամանակ»,-ասաց համալսարանի մամուլի խոսնակը՝ եզրափակելով զրույցը։