Սեպտեմբեր ամսից «Աստղիկ» բժշկական կենտրոնում գրանցվել եմ որպես հղի։ Այն վարել է Մարինա Մկրտչյանը՝ շատ լավ ընթացքով։ Առաջին հղիությունս էր, և ընթացքն իդեալական է անցել, ոչ մի խնդիր, ոչ մի տոքսիկոզ չեմ ունեցել, ինչը բնորոշ էր հղիին։ Պտուղը նորմալ զարգացել է, ամբողջ ընթացքում ասում էին՝ լավ, առողջ ու խոշոր պտուղ է։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց վերջերս ծննդաբերած Հերմինե Հոռոմյանը։
Նրա խոսքով՝ իմացել է, որ «Աստղիկ» ԲԿ-ում իրեն հսկող բժիշկը ծնունդ չի ընդունում և արդեն 36 շաբաթական հղիության ժամանակ տեղափոխվել է «Սլավմեդ» ԲԿ և եղել է Մարգարիտա Իսրայելովնայի հսկողության տակ։ Եվ ինչպես ինքն է նշում, բժիշկները հոգատար են եղել, սակայն ծննդաբերության ժամանակ ուշ են կողմնորոշվել, որ կարիք կա կեսարյան հատման, ինչի պատճառով էլ հնարավոր է՝ երեխան չապրեր։
«Հղիության վերջին 4 օրերի ընթացքում ունենում եմ բարձր ճնշում, որն արդեն նախանշան էր, որ ինչ-որ բան այն չի գնում։ Եվ բարձր ճնշման ժամանակ բժշկի նշանակմամբ դեղով իջեցնում եմ ճնշումը։ Առաջին օրերը, երբ մոտեցա բժշկական կենտրոն, որպեսզի ստուգեն՝ միգուցե ինչ-որ պրոցես կա, բացվածք կա, որովհետև ունեի նաև ուժեղ գլխացավեր, որն ինձ լացի էր հասցնում։ Այդ ժամանակ ինձ չհոսպիտալացրին, որը համարում եմ նրանց առաջին սխալը»,- ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ պատճառաբանեցին բժիշկները, Հերմինեն ասաց, որ ըստ նրանց՝ ծննդաբերական պրոցես չի եղել, և հիվանդանոց պառկեցնելու ցուցում նույնպես։ Սակայն, արդեն 4-րդ օրը ի հայտ են եկել մի շարք խնդիրներ։ «Որպես առաջին անգամ ծննդաբերող կին՝ ինձ համար ամեն ինչ անծանոթ էր, և քանի որ բժիշկն ասում էր՝ այսպես է ձևը, ես հիմնվում էի նրա խոսքի վրա։ Ծննդաբերության ժամանակ ինձ իմ խնդրանքով էպիդուրալ անզգայացում են անում, բայց ժամերով երեխան ներքև չէր իջնում։
Ծննդաբերության պրոցեսը կար, բայց երեխան թուլացած էր, քանի որ երկար էր տևել նախածննդյան պահը, ինչպես նաև ճնշաման խնդիրը, բնական է, չէր կարող չանդրադառնալ երեխայի վրա»։
Հերմինեի խոսքով՝ երբ արդեն բժիշկները հասկացել են, որ երեխայի զարկերակն իջել է և ծննդաբերական նշաններ չկան, նրան տեղափոխել են վիրահատարան՝ շտապ կեսարյան հատման, որտեղ էլ երեխան ծնվել է առանց ճիչի։
«10 օր երեխան եղել է վերակենդանացման բաժանմունքում, քանի որ պտղաջրեր էր կուլ տվել, ինչն արդեն իսկ կեղտոտված է եղել, դա բժիշկների արդեն 2-րդ բացթողումն էր, քանի որ դա տեսնելով՝ պետք է հասկանային, որ երեխային վտանգ է սպառնում, ու պետք է կեսարյանը չուշանար։ Կեղտոտ պտղաջրերի կուլ տալու հետևանքով երեխայիս մոտ սկսում է թոքաբորբ, թթվածնային քաղց և շնչառական խնդիրներ, ինչի պատճառով միացված էր թթվածնային սարք»։
Ծննդկանն ասաց, որ արդեն 42 օր է անցել, բայց դեռ երեխան բուժման ընթացքի մեջ է, 3 ամսականը լրանալուն պես պետք է նաև նյարդաբանին այցելեն, քանի որ ի հայտ են եկել որոշակի խնդիրներ․ «Պետք է ուղղակի աղոթենք, որ երեխայի մոտ խնդիրներ չլինեն»։
Մեր այն հարցին՝ ծննդաբերությունից հետո իր մոտ ինչ խնդիրներ են առաջացել, Հերմինեն ասաց, որ արնահոսություն է ունեցել, հեմոգլոբինի անկում, որի արդյունքում նրան արյուն են ներարկել․ «Ես այս պահին դեռ նորմալ չեմ կազդուրվել, արյան հետ կապված խնդիրը դեռ կան։ Բժշկուհին շատ լավ էր վերաբերվում ինձ, սակայն, վերջին էպիդուրալի ընթացքում էլ ոչինչ չէի զգում, և՛ ես էի թուլացած, և՛ երեխան։
Նրանք ուղղակի ճիշտ ու արագ չկողմնորոշվեցին, չնայած որ ես էլ, ամուսինս էլ, ծնողներս էլ դեռ ժամեր առաջ էինք ասել՝ արեք կեսարյան։ Փաստը մնում է փաստ, որ այդ արագության բացակայության պատճառով մենք կանգնելու էինք մեծ խնդիրների առաջ»։
Oragir.News-ը, խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով, փորձեց կապ հաստատել «Սլավմեդ» բժշկական կենտրոն։ ԲԿ-ի պարզաբանմանը կարող եք ծանոթանալ
այստեղ։
Մանրամասները՝ տեսանյութում։