Զայրացավ, բայց երբեք չչարացավ, ցավեց, բայց երբեք չանիծեց Սայաթ-Նովան
copy image url

Զայրացավ, բայց երբեք չչարացավ, ցավեց, բայց երբեք չանիծեց Սայաթ-Նովան

Մշակույթ 1 տարի առաջ - 20:23 14-06-2023
«Ո՛չ, նա մի նորօրինակ ձև չի, մոդա չի, որ ժամանակի ընթացքում ձանձրացնի ու փոխվի, նրան մին լսողը երկրորդ անգամ լսելիս ավելի պիտի սիրի և մին հասկանալուց ու սիրելուց հետո երբեք չպիտի մոռանա։ Գեղեցիկ ձևի մեջ մի մշտավառ հուր հոգի է նա, մի ազնիվ ու լիքը սիրտ, մի հարազատ հզոր շունչ, որ մեր աշխարհքի հարազատ շնչի նման միշտ խաղալու է Կովկասի ժողովուրդների վրա՝ և՛ հայի, և՛ վրացու, և՛ թուրքի վրա, որովհետև հավասար ուժով երգել է և՛ հայերեն, և՛ վրացերեն, և՛ թուրքերեն»,- Սայաթ Նովայի մասին գրել է Թումանյանը։

Այսօր աշուղ, բանաստեղծ Սայաթ-Նովայի ծննդյան օրն է։

Սայաթ-Նովան (Հարություն Սայադյան) հայ աշուղ էր, որը ստեղծագործել է չորս լեզվով՝ հայերեն, վրացերեն, պարսկերեն և թուքերեն։ Հայտնի է եղել ամբողջ Կովկասում և շրջակայքում իր անմահ երաժշտությամբ, որը մինչ օրս շարունակում է հնչել ու կատարվել։

Սայաթ-Նովայի անձը մշտապես եղել է ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում։ Նրա մասին ավանդություններ են հյուսել, պատել խորհրդավորության մշուշով։



Առեղծվածային է նրա անձի հետ կապված ամեն ինչ․ մինչև իսկ ծննդյան թվականի շուրջ բազմաթիվ վարկածներ են շրջանառվում։ Սայաթ-Նովայի ժառանգության առաջին ուսումնասիրող Գևորգ Ախվերդյանի հաշվարկներով՝ նա պետք է որ ծնված լինի 1712-ին: Առանձին ուսումնասիրություն է կատարել նաև Հովհաննես Թումանյանը՝ կանգ առնելով 1713 թ․ վարկածի վրա: Տարածված է նաև Սայաթ-Նովայի ծննդյան 1722 թվականի վարկածը: Այս վարկածն առաջ է տարել Պարույր Սևակը՝ հիմք ընդունելով Սայաթ-Նովայի առաջին հայերեն խաղի գրության թվականը։

Առեղծվածային է նաև Սայաթ-Նովայի սիրեցյալի կերպարը։ Շատերը պնդում են, որ նա սիրել է Հերակլ արքայի քրոջը՝ Աննային։ Սերը փոխադարձ է եղել, բայց քանի որ աշուղ-բանաստեղծի և արքայադստեր միջև դասային անհավասարություն է եղել, ուստի և այն դարձել է արգելված սեր։ Բայց իբրև թե Աննան և Սայաթ-Նովան մշտապես թաքուն հանդիպել են իրար։



Ամեն դեպքում, իրականություն է սա, թե առասպել, բայց միևնույն է, Սայաթ-Նովան մի սիրահար է՝ թումանյանական խոսքով՝ «բռնված ու բռնկված սիրո հրդեհով: Սիրո լույսի տակ էլ նկատում է աշխարհն ու իրերը, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, անչար ու անաչառ, վեհ ու վսեմ, որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամը։ Զայրացավ, բայց երբեք չչարացավ, ցավեց, բայց երբեք չանիծեց»:

Ցավոք, մերժված սիրահարը թողնում է աշխարհիկ կյանքը, դառնում է հոգևորական՝ ընդունելով Տեր-Ստեփանոս անունը։ Նա կին ու երեխաներ ուներ, բայց հոգու խորքում շարունակում էր վառվել մերժված սիրո հուրը։ Ասում են՝ անգամ հոգևորական Սայաթ-Նովան ծածուկ մասնակցել է աշուղական մրցումներին, քանի որ ինչքան էլ հոգևորականի սև սքեմ էր առել ուսերին, բայց միևնույնն է, նրա հոգին թռիչքի էր տենչում։