«... Ու հիմա, երբ տարիների մեգ-մառախուղից հիշում եմ նրան, պատկերանում է նա ինձ իր իմաստուն, խորաթափանց հայացքով եւ մանկական իր հստակ ժպիտով: Նա էր լուսավոր հանճարը զանգեզուրյան մութ ձորերի»,- այսպիսի գնահատական է տվել Գուրգեն Մահարին հայ նորագույն գրականության խոշոր դեմքերից մեկին՝ Ակսել Բակունցին։
Այսօր խորհրդային արձակագիր, կինոսցենարիստ Ակսել բակունցի ծննդյան օրն է։

Բակունցին ժամանակակիցները հիշում են որպես ծայրաստիճան համեստ, հավասարակշռված, զուսպ անձնավորություն։ Չարենցը, որ աչքի էր ընկնում իր բռնկուն բնավորությամբ, երբեք հաշվի չէր առնում՝ դիմացինը կի՞ն է, թե՞ տղամարդ, մի տեսակ քաշվում, զսպվում էր Բակունցի ներկայությամբ։ Քիչ էր պատահում, որ գնար գրական հավաքույթներին, գրեթե չէր խառնվում վեճերին, պահում էր իրեն այնպես, որ հետը չէին վիճում: Հազարից մեկ էր միջամտում վեճ-զրույցներին, իսկ միջամտելիս էլ մեծ մասամբ նրա ասածը գրչակից ըկերներն ընդունում էին իբրև վերջնական խոսք:
Չնայած Բակունցի հանդեպ ունեցած երկյուղածությանը՝ Չարենցն իր բռնկուն խառնվածքով հաճախ վեճ էր սկսում։ Ահա մի դրվագ երկու հանճարների վեճից․
Չարենցն ու Բակունցը գրող Խորեն Աճեմյանի հետ զբոսնում են Երևանի Նալբանդյան փողոցով, զրուցում են զանազան թեմաներով։ Խոսում է Չարենցը և հիշում լատինական այն առածը, թե «Habent sus fata libelli», ապա թարգմանում է` դառնալով Բակունցին.
- Այսինքն` գրքերն ունեն իրենց ճակատագիրը:
- Կարող էիր չթարգմանել, - ասում է Բակունցը և ապա ավելացնում. – Ամեն մի գիրք ունի իր ճակատագիրը – ահա այդ աֆորիզմը:
- Նախ, քանի որ հայերեն ենք խոսում, ապա ոչ թե աֆորիզմ, այլ ափորիզմ...
- Գուցե կասես` «աթոռիզմ», - ասում է Բակունցը:
- Եվ երկրորդ (չլսելու դնելով նրա հեգնանքը), - ինչի՞ ես վիրավորվում, որ թարգմանում եմ, երբ ո՛չ դու, ո՛չ էլ Խորենը լատին չգիտեք... Եվ հետո...
- Իսկ դու ո՞ր օրվա լատինագետը դառար, - հարցնում է Բակունցը շատ անմեղ հետաքրքրությամբ:
- Ճի՛շտ է, որ ես լատինագետ չեմ, բայց նախ` մի քիչ ավելի գիտեմ, քան դու և, բացի դրանից, քանի որ ես լատիներեն ասի այդ աֆորիզմը` պիտի թարգմանեի: Ճի՞շտ եմ ասում, թե չէ, Խորե՛ն:
- Շա՛տ ճիշտ է: Ես այդ ասացվածքը գիտեի ռուսերենից և, եթե չթարգմանեիր, չէի հասկանա:
- Տեսնո՞ւմ ես, - հաղթականորեն բացականչում է Չարենցը, նայելով նրան այնպես, որ ուզում է ասել. – Տեսնո՞ւմ ես, որ «մեջ մնացիր» և զուր տեղն ես ընդհատում ինձ:
Ապա շարունակում է.
- Բայց այստեղ մի հետաքրքիր փիլիսոփայական հարց է ծագում, որի առթիվ քիչ վեճեր չեն եղել անցյալում: Ի՞նչն է ավելի բարձր, ստեղծագործական անհա՞տը, թե՞ նրա գիրքը:

Տիրում է կարճ լռություն, և հանկարծ.
- Դատարկ, - բացականչում է Ակսելը, - պարզ է, որ ստեղծագործողը ավելի բարձր է, քան ստեղծյալը, արարիչը ավելի բարձր է, քան արարածը:
- Դու այդպե՞ս ես կարծում: Շատ միամիտն ես: Դեռ հարց է, թե ընթերցողը ինչը ավելի կգերադասի, «Սև ցլերն» ու «Մթնաձո՞րը», թե՞ Ակսել Բակունցին:
- Ախր, տրամաբանություն չկա ասածիդ մեջ, - գոչում է Ակսելը:
- Լավ է` չխոսենք տրամաբանությունից, որովհետև դու նախ չգիտես ինչ բան է, ինչով է ուտվում, ինչպես կասեր ռուսը. երկրորդ` իմ ասածը ըմբռնելու համար տրամաբանությունը քիչ է: Պետք է մարդ մի քիչ բան հասկանա դիալեկտիկայից, իսկ դու դրա այբուբենն անգամ չունես փորումդ...
Ժամանակակիցները հիշում են, որ երկու գրողների բանավեճը քիչ է մնացել` կռվի վերածվի, բայց բարեբախտաբար վերջում նրանք հաշտվել են։
Աստղի նման ցոլաց Բակունցը հայ գրականության երկնակամարում։ Բայց ցավոք, կարճ տևեց այդ ցոլարձակումը։ Ընդամենը 38 տարեկան, և մոխրացավ այս վառվռուն աստղը։
«Շատ վաղ և դաժանորեն ակամա նա հրաժեշտ տվեց աշխարհին, մարդկանց, զբաղմունքին, երազներին… Կայծակը կաղնու անտառներ է այրում, ուր մնաց, որ խնայեր այդ մեկին: Կայծակից զարկված Բակունցը մնաց կեսճանապարհին: Եվ նա մշտական մի վիշտ է մեր գրականության համար»,- այսպես է բնութագրում Բակունցի վախճանը Ռուբեն Զարյանը:

Սկսվում են մեղադրանքներն ու հալածանքները Չարենցի, Բակունցի ու նրանց գրական համակիրների նկատմամբ։ Հատկապես սուր քննադատության են արժանանում Բակունցի պատմվածքները, որակվում «նացիոնալիստական»։ Չարենցն ու համախոհները տարբեր ելույթներում հոդվածներում պաշտպանում են Բակունցին։
«1937 թ․ փետրվարի 22-ին՝ մռայլ ու սարսռուն մի երեկո, ինձ համար միանգամայն անսպասելի, կանչվեցի Հայկական պետական անվտանգության կոմիտե ու ինձ կալանավորեցին… Խուզարկվելուց հետո ինձ տարան ու հրեցին ներքնահարկի նկուղներից մեկը, կարծեմ նո. 21 կամերան, ուր գտնվում էր գրող Ակսել Բակունցը: Դուռը զրնգալով իջավ վրաս, և բանալին շառաչելով պտտվեց նրա մեջ ու վերջ…»,- բանտային օրագրերում գրում է Բակունցը։
Բակունցը հոգեբանորեն շատ ծանր էր տանում բանտում անցկացրած օրերը։ Գրողի կինը՝ Վարվառա Բակունցը, իր 1954թ․-ին գրված «Բակունցի մասին» գրքում պատմում է, որ իրեն թույլ են տվել այցելել ամուսնուն բանտում, և նա հետը տարել է 11-ամյա որդուն՝ Սևադային։

«Ալեքսանդրը մեկ ամսվա ընթացքում այնքան էր փոխվել, որ ես դժվարությամբ ճանաչեցի այն մարդուն, որին ես գիտեի երկար տարիներ: Ամբողջ տեսակցության ժամանակ Բակունցը հեծկլտում էր՝ կորցնելով ինքնատիրապետումը: «Որդիս, -անդրադարձավ երեխային՝ քամելով արցունքից ամբողջովին խոնավ թաշկինակը, -այնքան շատ բան եմ ցանկացել կյանքում անել քեզ համար, բայց ինձ չհաջողվեց, մայրդ կանի նաև իմ փոխարեն»: Ինձ էլ ասաց՝ «Ամուր եղի՛ր, հաշվիր, որ ավտովթար է եղել, և ես վթարի եմ ենթարկվել»։
Կնոջն ուղղված վերջին նամակներից մեկում Բակունցը գրում է, որ իր համար շատ ծանր է ապրել անտեղյակության մեջ։
«Ծա՜նր է, շա՜տ ծանր… Չգիտեմ՝ գիշեր է, թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռան ետեւում։ Մտքերը հեռու են գնում, ի՞նչ է սպասվում հետո… Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը… Ինձ գրելու և կարդալու հնարավորություն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…»:
1937 թվականի հուլիսի 8-ին Բակունցին գնդակահարեցին։ Եվ երբ 10 օր անց ոչինչ չկասկածող Վարվառան եկավ բանտ, նրան ասացին, թե Բակունցին աքսորել են։ Իրեն՝ Վարվառային, ձերբակալեցին սեպտեմբերի 17-ին իբրև «ժողովրդի թշնամու» կողակցի։ Վարյան 8 ամիս անցկացրեց բանտում, այնուհետև նրան 8 տարով աքսորեցին Տեմնիկովի ուղղիչ աշխատանքային գաղութ։ Նա Հայաստան վերադարձավ միայն 1945թ․-ի աշնանը։
Ասում են՝ գնդակահարությունից առաջ Բակունցն ասել է ողբերգական, բայց մարգարեական իր վերջին խոսքերը․ «Խե՜ղճ նաիրցի»։
Օվսաննա Իսրայելյան