Թեև Դատավորների եվրոպական միությանը հայտարարությունը խորհրդատվական բնույթի է, այդուհանդերձ, այն կարող է ազդեցություն ունենալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դատավորների կողմից ուղարկված բոլոր բողոքների վերաբերյալ որոշումների կայացման վրա։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր, փաստաբան Զարուհի Նաշխքարյանն՝ անդրադառնալով Միության հայտարարությանը, որով միությունը դատապարտում է Հայաստանում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների նման բացահայտ չարաշահումները։
Հարցին, թե արդյոք այս հայտարարությունը կարող է ԲԴԽ որոշումների կամ Արդարադատության նախարարության վարքագծի վրա որևէ ազդեցություն ունենալ՝ նախկին դատավորն ասաց, որ ժողովրդավար երկրում տրամաբանական կլիներ նման վարքագիծը։ «Սակայն ճանաչելով ԲԴԽ նախագահին՝ չեմ ակնկալում, որ կվերանայեն։
Վերջին երկու օրը լայն տարածում ստացած նյութն առ այն, որ ԲԴԽ նախագահը հանդիպել է վերաքննիչ դատարանի դատավորների մի մասի հետ, քվեարկություն է փորձել նախաձեռնել, ցանկացել է Վերքննիչ քերական դատարանում պատասխանատու նշանակել՝ ասվածի վկայությունն է։ Եթե այս տեղեկությունը իրականությանը համապատասխանում է, նշանակում Է՝ Անդրեասյանը այդպես էլ չհասկացավ իր զբաղեցրած պաշտոնի սահմանադրական նշանակությունը, իր լիազորությունների սահմանները, դատավորի կարգավիճակը և ՀՀ դատավորների ով լինելը։
Անդրեասյանն իրեն «վարչության պետ» է պատկերացնում»։
Նախշքարյանն անդրաձարձավ նաև ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի մտահոգությանը, թե կասկածում է, որ Եվրոպական կառույցի անդամները հնարավորություն են ունեցել ծանոթանալ վարույթների նյութերին կամ ԲԴԽ-ի կողմից կայացրած որոշումներին։ «Այդ անհանգստություններն անտեղի են, ՀՀ դատավորների միությունը տևական ժամանակ լիարժեք և ամբողջական նյութեր է տրամադրել Դատավորների Եվրոպական միությանը, թե կարգապահական վարույթների, դրանց հիմքերի վերաբերյալ, այն մասին, թե ինչ պայմաններում և թե ում կողմից է հարուցվել վարույթը։
Նյութեր են տրամադրվել նաև դրանց վերաբերյալ հասարակության արձագանքների մասին, օրենսդրական փոփոխությունների ու դրանց իրականացման գործընթացների վերաբերյալ։ Միաժամանակ, Միությունը նաև ինքուրույն է հնարավորություն ունեցել ստուգել ՀՀ Դատավորների միության կողմից տրամադրած տեղեկությունը և նյութերը, ապա նաև տեղում այս ամենի վերաբերյալ առանձին հարցեր են հստակեցվել, ապա միայն Հայտարարությունը դրվել է քվեարկության»։
Անդրադառնալով ԲԴԽ-ի նախաձեռնությանը՝ Շվեդիայի Հանրապետության մասնագետների առաջարկությանը՝ Նախշքարյանն ընդգծեց, որ Հայտարարությանը կողմ է քվեարկել նաև Շվեդիայի դատավորների միությունը։