Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ տնօրենին
copy image url

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ տնօրենին

Ներքին 1 տարի առաջ - 18:57 09-06-2023
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

Շնորհակալություն հայտնելով պարոն Մոլինեուսին Հայաստանում ծավալած ակտիվ և արդյունավետ գործունեության համար՝ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է վերջին տարիներին Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում գրանցած կարեւոր արդյունքներին։

Շնորհավորելով Ռոլանդ Փրայսին նշանակման առթիվ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ ընթացիկ ծրագրերն արդյունավետ իրականացնելու և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր նախաձեռնություններն առաջ մղելու համար։

Սեբաստիան Մոլինեուսը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ ունեցած արդյունավետ համագործակցությունն էներգետիկայի, կրթության, սոցիալական պաշտպանության, առողջապահության և մի շարք այլ ուղղություններով։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ տնօրենը վստահեցրել է, որ Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին՝ առաջիկա տարիներին իր բարեփոխումների օրակարգն իրականացնելու գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ կառավարություն-Համաշխարհային բանկ համագործակցության ընթացիկ և հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ձեզ գուցե հետաքրքրի