Նիկոլ Փաշինյանն ինչպես միշտ փորձում է մի քանի լարի վրա խաղալ
copy image url

Նիկոլ Փաշինյանն ինչպես միշտ փորձում է մի քանի լարի վրա խաղալ

Խոսք Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 19:50 08-06-2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրին եռօրյա աշխատանքային այցով ժամանել է Սոչի, որտեղ տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը։ Բացի այդ՝ Փաշինյանը Սոչիում հանդիպում էր ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:

Oragir.News-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշեց, որ Հայաստանի վարչապետը փորձում է նաև Ռուսաստանում իր համար այլընտրանքային սերտ կապեր գտնել, և իր հիմնական խնդիրը սա է։ Նա ընդգծեց, որ Սոչի կատարած այցը ԵԱՏՄ անդամ երկրների կառավարարությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում է, որտեղ հիմնական շեշտը դրվում է տնտեսական համագործակցության վրա։ Հակոբյանի համոզմամբ՝ այս համատեքտում Նիկոլ Փաշինյանն ինչպես միշտ փորձում է մի քանի լարի վրա խաղալ․ մի կողմից քննադատում է Ռուսաստանի հետ կապված կառույցները, իսկ մյուս կողմից փորձում է կապերը վերջնականապես չխզել։

«Առհասարակ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական վեկտորը մի քանի լարերի վրա խաղալու փորձերն են։ Ասել, որ այս այցերը շատ արդյունավետ են, կամ արդյունավետ չեն, կարծում եմ՝ տվյալ պարգայում անիմաստ է, քանի որ ընդհանրապես Փաշինյանի արտաքին քաղաքական կուրսն է մի քանի լարերի վրա խաղալու քաղաքականություն, իսկ նման պարագայում այդ խաղացողն արտաքին խաղացողների մոտ վստահություն չի առաջացնում, անկախ այն բանից, թե ինչպես են դրան ժպտում, կամ դիմավորում և այլն»,- կարծում է նա։

Հարցին, թե Հայաստանի իշխանությունների կողմից պարբերաբար հնչող հակառուսական հայտարարությունների ֆոնին նման այցերի միջոցով հնարավոր կլինի՞ պահպանել հայ-ռուսական հարաբերությունների գոնե ներկայիս մակարդակը, մեր զրուցակիցն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները, ինչպես նաև ՀՀ-ում Ռուսաստանի նկատմամբ հանրային վերաբերմունքը գտնվում է պատմականորեն ամենացածր մակարդակի վրա։ Նա միևնույն ժամանակ կասկած հայտնեց, թե արդյոք իշխանությունների հարաբերությունների ներկայիս մակարդակը պահպանելու խնդիր դրվու՞մ է, թե՞ ոչ։

«Համենայն դեպս մենք տեսնում ենք, որ գործող իշխանությունը շատ դեպքերում այնպիսի քաղաքական կուրս է տանում, որն ասոցացվում է աշխարհաքաղաքական վեկտորը փոխելու մտադրության հետ։ Ընդհանրապես պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը նաև որոշակի սպասողական վիճակ է պարունակում, այսինքն՝ Փաշինյանն ի վերջո փորձում հասկանալ՝ աշխարհը ո՞ր ուղղությամբ է գնալու, նոր աշխարհակարգի ձևավորումը ո՞ր կողմով է անցնելու և ըստ այդմ՝ խաղադրույք կատարել։ Շատ դեպքերում ես կարծում եմ, որ խաղադրույք կատարելու իր ջանքերը հիմնված են ոչ թե լրջագույն վերլուծությունների ու սցենարների գնահատման վրա, այլ կռահելու փորձերի։ Քանի որ Նիկոլ Փաշինյանի ներքին և արտաքին քաղաքականությունը հիմնականում սիտուացիոն բնույթ է կրում, այսինքն՝ այն, ինչ արվում է, արվում է տվյալ պահի համար, իսկ լավագույն դեպքում՝ մեկ օր հետոյի համար, ապա կարծում եմ, որ նույնիսկ ներկայիս իրավիճակի պահպանումը բավականին դժվար է լինելու, առավել ևս ես այդ ուղղությամբ լուրջ ձգտումներ չեմ տեսնում»,- ընդգծեց նա։

Հակոբյանը նաև նշում է, որ հարաբերությունների ներկայիս մակարդակի պահպանումը կախված չէ միայն Նիկոլ Փաշինյանից։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ երբ Փաշինյանը սեղմում է Ռուսաստանի վարչապետի ձեռքը, իսկ Հայաստանի ԱԽ քարտուղարը այդ նույն պահին որևէ պետական, իշխանամետ լրատվամիջոցով կծում է նույն ձեռքը, ապա դա բոլորը տեսնում են, և եթե դրսից, կամ երկրի ներսից որոշ դեսպանատներին թվում է, թե դա չի երևում, ապա նրանք չարաչար սխալվում են։ Նրա համոզմամբ՝ այս համատեքստում անհրաժեշտ է հասկանալ, թե իշխանությունները ինչ են ցանկանում, քանի որ եթե մենք չենք հասկանում՝ որն է ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական կուրսը, ինչ են ցանկանում արտաքին հարաբերություններում՝ մասնավորապես Ռուսաստանի հետ և Արցախի հարցում, ապա ինչպես կարող են հասկանալ ուրիշները, ովքեր բազմաթիվ նման գործընկերներ ունեն։

Ամենից շատ դիտված