Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական ուժերը պատրաստ են հակահարձակման։ Այս մասին նա ասել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։
Զելենսկին ընդգծել է, որ է, որ առաջիկա հակահարձակումը կարող է տեղի ունենալ բոլորովին այլ սցենարներով։ Նա չի հստակեցրել, թե հակահարձակման համար որքան ժամանակ կպահանջվի։ «Անկեղծ ասած, սա կարող է այլ կերպ ընթանալ, բոլորովին այլ կերպ: Բայց մենք մտադիր ենք դա անել, և մենք պատրաստ ենք»,- ասել է նա։
Ուկրաինայի նախագահի համոզմամբ՝ այս հակահարձակումը կարող է թանկ արժենալ իր երկրի համար։
Անդրադառնալով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը՝ վերջինս ասել է, որ եթե Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողոովի ընթացքում դաշինքն ազդանշան չտա, որ պատրաստ է ընդունել Ուկրաինային, ապա երկիրը չի մասնակցի միջցառմանը։ «Եթե Վիլնյուսում մեզ ազդանշան չտան, ես կարծում եմ, որ Ուկրաինայի համար գագաթնաժողովում լինելն իմաստ չունի»,- ասել է նա։
Զելենսկին կարծում է, որ աշխարհում միակ սպառազինությունը, որը կարող է պաշտպանություն ապահովել ռուսական հրթիռներից, ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրներն են։ Նրա խոսքով՝ Ուկրաինան կարիք ունի 50 նման համակարգի։
Պարբերականն ամբողջությամբ չի ներկայացրել Զելենսկու խոսքերը, նրա հայտարարությունների մի մասը ներկայացվել է լրագրողի անունից։ «Զելենսկին ինձ ասել է, որ բավականաչափ կրակային հզորություն չունի, որպեսզի պաշտպանի ամբողջ երկիրը»,- գրել է նա։
Լրագրողի խոսքով՝ Զելենսկին նշել է, որ ստիպված է ընտրություն կատարել, թե որտեղ օգտագործի մատակարարվող սպառազինությունները՝ թիկունքո՞ւմ, թե՞ առաջնագծում։