Փաշինյանը Մոլդովայում հանդիպել է նաև ուկրաինահայ գործարարների հետ․ աշխատանքային այցն ավարտվել է

Ներքին 1 տարի առաջ - 23:47 01-06-2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոլդովա կատարած աշխատանքային այցի շրջանակում ռումինահայ դիվանագետ, առևտրական գործիչ Մանուկ Բեյի պալատում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը։

«Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Քիշնևում տեղի ունեցած իր, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպման վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նրանց բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիային, սահմանագծից զորքերի հայելային հետքաշման հնարավորությանը, Հայաստանի տնտեսական զարգացմանը և այլ թեմաների:

Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև ուկրաինահայ մի խումբ գործարարների հետ: Քննարկվել են Հայաստանում տարբեր ուղղություններով գործունեություն ծավալելու հնարավորությունները:

Վարչապետի աշխատանքային այցը Մոլդովայի Հանրապետություն ավարտվել է»,- ասված է հաղորդագրության մեջ: