Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց, որ ծառերի հատման դեպք է գրանցվել Կենտրոն վարչական շրջանում․ հաստաբուն բարդիներ են հատվել։
Oragir.News-ը այսօր Երևանի քաղաքապետարանից փորձեց տեղեկանալ, թե արդյոք ընթացք տրվել է գործին, բացահայտվել է, թե ով է ծառերը ապօրինի հատել, և որ փողոցում է տեղի ունեցել ապօրինի ծառահատումը։
Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնից մեզ հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել Սայաթ-Նովա փողոցում։
«Ինքնակամություն է, ըստ էության, տեղի ունեցել, խոսքը ինքնակամ գործողությունների մասին է, որի հետևանքով ծառեր են խորը էտի ենթարկվել, ինչի կապակապցությամբ դեպքից հետո տարածք են եկել Կանաչապատման ՀՈԱԿ-ի և ոստիկանության մեր գործընկերները, բաժին է տարվել կատարած անձը, գործով զբաղվում է կենտրոն վարչական շրջանի ոստիկանությունը»,- փոխանցեցին լրատվական ծառայությունից և ավելացրին, որ երկշաբաթյան ժամկետ է հատկացվել ծառայողական քննությանը։