Իրանն ու Հայաստանը համատեղ կստեղծեն «Արաքս-Մեղրի» ազատ տնտեսական գոտի։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ բոլոր օբյեկտիվ նախադրյալները կան Իրան-Հայաստան ազատ տնտեսական գոտու ձևավորման համար։
Տնտեսագետը նկատեց, որ այդ նախադրյալները նոր չեն առաջացել.
«Այդ նախադրյալները կային բավականին երկար ժամանակահատված, քանի որ Իրանը ոչ միայն մեզ բարեկամ և հարևան երկիր է, այլ նաև փոխշահավետ համագործակցության՝ երկկողմ և բազմակողմ իրական նախադրյալներ են առկա»։
Խոսելով այն մասին, թե այդ համագործակցությունը տնտեսական առումով ինչ կտա Հայաստանին՝ Ավետիսյանը նշեց, որ նման նախաձեռնություն նախկինում եղել է, բայց, ըստ էությամբ, ամբողջությամբ չի գործածվել.
«Այստեղ շատ կարևոր է, թե այդ ազատ տնտեսական գոտու ձևավորումը որքանով կարտահայտի այն օբյեկտիվ անհրաժեշտությունը, որը հիմա կա, այսինքն չի մնա թղթի վրա՝ պայմանավորվածությունների շրջանակում, այլ կյանքի կկոչվի»։
Ավետիսյանը նշեց, որ այստեղ երկու կողմերն էլ ունեն բավականին մեծ անելիք՝ խթանելու ազատ տնտեսական գոտու լիարժեք գործունեությունը։
«Եթե մենք այդպիսի հանգրվան ունենանք, այսինքն ազատ տնտեսական գոտին սկսի գործել, երկու պետություններն էլ կարող են այսօրվա եղած տնտեսական էֆեկտից բացի լրացուցիչ, պատիկներով ավել տնտեսական արդյունք ունենալ»,- եզրափակեց Ավետիսյանը։