Եթե չեն կարողանալու սպասարկել, թող հրաժարվեն պայմանագրերից. Ավինյանը՝ ճանշիններին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:36 15-05-2023
Անցած շաբաթ հանդիպում ենք ունեցել ճանշինի ընկերությունների հետ՝ ընդհանուր Երևան քաղաքի ճանապարհների սպասարկման մեթոդաբանությունը քննարկելու համար։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատաև Խորեն Գրիգորյանը։

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինանը հարցրեց՝ արդյոք հաջորդ տարվանից ճանապարհները սպասարկման են հանձնելու ճանշիններին ու չեն անելու փոսալցման աշխատանքներ, ինչին ի պատասխան Գրիգորյանընշեց, որ առանձին փոսալցման, գծանշման, նշանների տեղադրման մրցույթներ չեն իրականացվելու, դրանք լինելու են փաթեթով, ամսական կատարողականներով ու ամբողջական փաթեթով, պատասխանատուն դառբալու է ճանշին ընկերությունը։

«Ֆիքսելո՞ւ ենք, որ փոսը եթե փորվեց, նույն օրը անպայման պետք է լցվի»,-հարցրեց Ավինյանը՝ հավելելով, որ այդ հարցին շատ լուրջ են վերաբերվելու: Վարչության պետի պաշտոնակատարը նշեց, որ հակառակ դեպքում պայմանագրերը կլուծարվեն:

«Հասկացանք, որ եկող տարվանից այլ մեթոդաբանություն ենք դնում, բայց կրկին նորմալ չէ, որ շաբաթով, ամսով փոսը փորված է, որևէ բան տեղի չի ունենում: Եթե չեն կարողանալու սպասարկել, թող հրաժարվեն պայմանագրերից, այլապես մենք շատ վատ ենք դրան նայելու»,- ասաց Ավինանը՝ անդրադառնալով դեռ նախորդ խորհրդակցության ժամանակ բարձրացված ճանապարհների փոսալցման աշխատանքներին: