Ապրիլի 28-ին «Թատրոն տանիքում»-ը հանդես կգա նոր պրեմիերայով. ֆրանսիացի գրող Բորիս Վիանի «Օրերի փրփուրը»՝ Տաթև Մելքոնյանի բեմադրությամբ:
«Օրերի փրփուրը» Բորիս Վիանի գլուխգործոցն է, որը մեծ աղմուկ հանեց ժամանակի գրական մամուլում: Չնայած հեղինակի որդեգրած զավեշտախառն ու աշխույժ պատմելաոճին՝ այս ստեղծագործության մասին արտահայտվողները միաբերան պնդում են, որ «Օրերի փրփուրը» բոլոր ժամանակներում գրված սիրավեպերից ամենահուզիչն է ու հոգեցունցը:

Եթե սերը համարում են ամենափրկիչ, ապա Վիանն իր վեպում այն ներկայացնում է ամենակործան: Եվ ի վերջո. «Պարտադիր միայն երկու բան կա․ մեկը սերն է՝ իր բոլոր դրսևորումներով, գեղեցիկ աղջիկների հետ, և Նոր Օռլեանի կամ Դյուկ Էլինգթոնի երաժշտությունը»:
Հարկ է նշել, որ վեպը երբևէ չի բեմադրվել Հայաստանում, և յուրատիպ ու զավեշտալի նորություն է հայկական թատերական իրականությունում՝ նաև իր գունեղ թիմի շնորհիվ։
Ներկայացման դերերում՝ Հարություն Սարգսյան, Վիլեն Սարգսյան, Գրիգոր Գրիգորյան, Աննա Մկրտչյան, Տաթև Հովակիմյան, Սոնա Վարդանյան, Միշա Հակոբյան և Մինաս Ասրյանը: