Ալեքսանդր Ծատուրյան. դառը կյանքն ու գրական գեղեցիկ էջերը
copy image url

Ալեքսանդր Ծատուրյան. դառը կյանքն ու գրական գեղեցիկ էջերը

Մշակույթ Ներքին 1 տարի առաջ - 16:07 25-04-2023
Մի անգամ Նիժնի Նովգորոդում իր դասընկերոջ՝ Հ․ Տեր-Հակոբյանի տանը Ալեքսանդր Ծատուրյանը հանդիպում է Սմբատ Շահազիզին ու երկյուղածությամբ մեկնում իր ոտանավորների տետրը։ Շահազիզը կարդում է և հիանում։

Նրա անկեղծ ու դրվատական խոսքը ոգևորում է բազում դժվարությունների միջով անցած երիտասարդ բանաստեղծին։ Այդ հանդիպումից միայն չորս տարի անց 1891-ին Մոսկվայում լույս է տեսնում Ալեքսանդր Ծատուրյանի անդրանիկ ժողովածուն։

Գրականության մեջ մուտք գործեց մի նոր անուն՝ իր ակնհայտ դեմոկրատական ձգտումներով։ Նրա ստեղծագործությունը դարավերջի հայ հասարակական կյանքի անմիջական արձագանքն էր։ Նրա մուտքը այդքան էլ միանշանակ չի ընդունվել՝ թե՛ գրական, թե՛ քաղաքական մոտիվներից ելնելով։

1914-ի «Հորիզոնի»-ի հերթական համարներից մեկում թերագնահատելով նրա ստեղծագործական ինքնուրույնությունը, հայտարարվել է, թե «նա մեր գրականության մշտնջենական ուսանողն է», մեկ այլ թերթում էլ ասվում էր․ «Բանաստեղծության աշխարհում Ծատուրյանը նման էր մեղվի, որ ոչ մի ծաղկի վրա երկար կանգ չի առնում, գրավվելով հետզհետե բացվող ծաղիկների տեսքով» («Վան-Տոսպ», 1917)։

Մինչդեռ հայ պոեզիայի ականավոր դեմքերից մեկը՝ Վահան Տերյանը հակադրվելով այս քննադատությանը, գրում էր․ «Ծատուրյանի գաղափարները եղել են իր ժամանակի առաջավոր ինտելիգենցիայի գաղափարները, նա իր ժամանակի լավագույնների հետ է ապրել, նոցա իդեալներով ներշնչվել ու երգել։ Ծատուրյանը մտցրել է մեր բանաստեղծական գրականության մեջ այնպիսի նուրբ, երաժշտական և գեղեցիկ էջեր, որոնք երբեք չեն մեռնի»։
Ծատուրյանի գրականության մասին դրական է արտահայտվել նաև Իսահակյանը, Թումանյանը և այլք։



Ալեքսանդր Ծատուրյանը ծնվել է 1865-ի ապրիլի 23-ին Սղնախից Զաքաթալա գաղթած Հովսեփ և Կատարինե Ծատորյանների ընտանիքում։ Ալեքսանդրը 3-րդն էր՝ երկու վաղամեռիկ երեխաներից հետո։ Գրաճանաչություն սովորում է իրենց հարևան որբևայրու մոտ և մեկ տարի անց ընդունվում է տեղի ծխական դպրոցը։ Շուտով մահանում է հայրը և նրանք հայտնվում են նյութական ծանր վիճակում։

Չնայած դրան մայրը հրաժարվում է, որ որդին թողնի ուսումը և արհեստ սովորի և դպրությանը զուգահեռ նա օգնում էր իր «դալլաք» քեռուն։ Սանդրոն ջանասիրությամբ անում էր ամեն բան, որ գոհացնի քեռուն, սակայն ամենափոքր սխալի դեպքում արժանանանում էր նրա ծեծին ու հայհոյանքներին։ Պատանու կյանքում այդ տեսակետից չափազանց ցնցող է հետևյալ միջադեպը։

Մի օր քեռին նրան երկու կոպեկ է տալիս՝ հանձնարարելով մոմ գնել։ Մոմը գնելուց հետո Սանդրոն ճանապարհին հանդիպում է հասակակիցներին և տարվելով խաղով՝ մոռանում է սպասող քեռուն։ Այնուհետև նկատելով, որ գրպանում մոմը կոտրվել է՝ ահաբեկված վազում է խանութ։ Քեռին առանց հապաղելու պատանուն գլխիվայր կախում է իրենց բակի թթի ծառից ու անվրդով մեկնում եկեղեցի։ Մոտ երկու ժամ այդպես ճոճվելուց Ալեքսանդրը թերևս մեռներ բերանի արյոնահոսությունից, եթե հանկարծահաս հարևանները չփրկեին նրա կյանքը։ Դրանից հետո մայրը ցմահ հրաժարվում է եղբորից, իսկ Սանդրոն՝ ազատվում աշկերտությունից։ Հետագայում բանաստեղծի ընկեր, արձակագիր Կարեն Միքայելյանը այս վայրենաբարո դեպքը նկարագրեց իր մի պատմվածքում՝ «Ալեքսանդր Ծատուրյանը կախաղանի վրա» և նվիրեց այն գրողի գրական գործունեության 25-ամյակին։

1879-ին, գերազանց գնահատականներով ավարտելով ծխական դպրոցը, մայրենիի սիրելի ուղուցչի՝ Ագապյանի խորհրդով ընդունվում է քաղաքային եռադասյան ուսումնարան։ 1881-ին մահանում է մայրը և Սանդրոն մնում է լրիվ մենակ։ Նրան իր հոգածության տակ է առնում իր ուսուցիչը, սակայն նպատակահարմար չգտնելով երկար մնալ ուսուցչի տանը, նա հեռանում է և սկսում թափառաշրջիկի կյանք վարել ու շատ ծանր օրեր ունենում, նրա առջև փակվում են ուսումնական հաստատությունների դռները․ «Քեզի պես շատ ձրիակերներ ունինք մեր գլխուն»,- այս էր Ներսիսյան դպրոցի պատասխանը։

Ի վերջո՝ 1883-ին Ծատուրյանը ընդունվում է Թիֆլիսի Միքայելյան արհեստագործական դպրոց և այստեղ ծանոթանում Միքայել Հովհաննիսյանին՝ ապագա վիպասան Նար-Դոսին։ Նրանք դառնում են մտերիմ ընկերներ, միասին գրքեր գնում, ընթերցում, թարգմանում, ստեղծագործում։ Եվ քառորդ դար անց, երբ Մոսկվայում նշվում էր Ծատուրյանի գրական գործունեության 25-ամյակը, Նար-Դոսը Թիֆլիսից ուղարկած նամակում վերհիշելով այս տարիները գրել է նրան․ «Ես, արդեն այլևս անկարող եմ լինում մտաբերելու երեկը, հիշողության զարմանալի պայծառատեսությամբ վերարտադրում եմ մտքիս աչքերի առաջ այն զարհուրելի չքավորության և անտերության պարագաները, որոնց մեջ դու-մի որբ պատանի չար բախտից հալածական-տապակվում էիր սրանից 25 տարի առաջ։ Ահավասիկ կալեյդոսկոպի պատկերների պես մեկը մյուսի ետևից անցնում են առաջովս՝ կապույտ բլուզդ երկաթի մրից սևացած, թեթև գլխարկդ, որին փչեիր՝ կթռչեր, ծակ կոշիկներդ, դպրոցական 5 կոպեկանոց հացը կռանդ տակին․․․»։



Միջոցառման ժամանակ այս ողջույնի նամակը կարդում է Վահան Տերյանը, որ մեծ հիացմունքով էր վերաբերվում Ծատուրյանի գրականությանը։ 1887-ին «Աղբյուրի» խմբագիրը նրան ուղարկում է Նիժնի Նովգորոդ ուսուցչության, իսկ 1888-ին այդ ընտանիքի հետ նա տեղափոխվում է Մոսկվա, որտեղ էլ սկիզբ է առնում նրա բուն գրական գործունեությունը։ Նա սկսում է աշխատակցել մի շարք գրական թերթերի։

1899թ-ին Սանդրոն Մոսկվայում հանդիպում և շուտով ամուսնանում է Վերա Հախվերդյանի հետ։ Վերջինս ինքնամոռացության աստիճան սիրում ու նվիրվում է բանաստեղծին։ Որոշ ժամանակ անց ի հայտ է գալիս թոքախտը։ Ինչպես ասացինք, 1910-ին Մոսկվայի գրական-գեղարվեստական ակումբի նախաձեռությամբ նշվում է Ծատուրյանի գրական գործունեության 25-ամյա հոբելյանը։ Նրան նամակներով և հեռագրերով ողջունում են բազում հայ գրողներ և Ռուսաստանի ու արտասահմանի գրական-գեղարվեստական կազմակերպությունները։ 1916-ի աշնանը, կարծես կանխազգալով մահը, նա կարգի է բերում իր արխիվն ու հավաքում ցրված բանաստեղծությունները։ Դեկտեմբերին մեկնում է Կիսլովոդսկ սիրտը բուժելու կամ իր ասած «առողջությունը կարկատելու»։

Սակայն, ի վերջո, կորցնելով բուժման հույսը, նա գալիս է Թիֆլիս։ Այստեղ քսանութ տարվա անջատումից հետո նա հանդիպում է Նար-Դոսին, Թումանյանին և մյուսներին։

1917-ի մարտի 31-ին, երեկոյան ժ․ 6-ին Ծատուրյան հրաժեշտ է տալիս կյանքին։ Նրա աճյունը ամփոփված է Խոջիվանքում։



Ալ․ Ծատուրյանը մայրենի գրականությանը ծառայելու, նվիրաբերվելու, նրա գալիքի նկատմամբ տածած մեծ հավատի մեջ էր տեսնում այն մոգական ուժը, որը զորավիգ է եղել իրեն և իր նմաններին։

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված