Երևանի անտարբերության հետևանքով Անկարային հաջողվել է վիժեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը
copy image url

Երևանի անտարբերության հետևանքով Անկարային հաջողվել է վիժեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը

Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 22:30 24-04-2023
Վերջին տարիներին ապրիլի 24-ին Թուրքիայի հասարակական-քաղաքական դիսկուրսում զգալիորեն նվազել են Հայոց ցեղասպանության թեմայով քննակումներն ու բանավեճերը, սակայն թեմայի նկատմամբ ուշադրությունը մշտապես պահպանվում է։ Չնայած թուրքական պաշտոնական քարոզչությունը շարունակում է պնդել, որ իրականում ցեղասպանություն տեղի չի ունեցել, իսկ հայերի տեղահանություններն իրականացվել են պատերազմական իրավիճակի հետևանքով, այնուամենայնիվ Հայոց ցեղասպանության թեման այդ երկրում չափազանց զգայուն է և մշտապես թուրքական հասարակության շրջանում վախերի պատճառ է դառնում։

Ինչպես նախորդ տարիներին այնպես էլ 2023 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Թուրքիայում մեծ ուշադրության չարժանացավ։ Սա պայմանավորված է նաև այդ երկրում մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ ընթացող նախընտրական քարոզարշավով և երկրի հիմնական քաղաքական ուժերի ուշադրությունը կենտրոնացած է հենց այս գործընթացի վրա։

Թուրքիայում վերջին տարիներին Հայոց ցեղասպանության թեման բավականին ակտիվ քննարկվեց 2021 թվականին, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավատարիմ մնաց իր նախընտրական խոստմանը և իր ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձում օգտագործեց Հայոց ցեղասպանություն եզրույթը։ Սա չնայած ԱՄՆ նախագահի կողմից ավելի շատ սիմվոլիկ քայլ էր, որին որևէ իրական գործողություն չհետևեց, այնուամենայնիվ Թուրքիայում դժգոհության մեծ ալիք բարձրացրեց։ Միացյալ Նահանգների նախագահը 2022, ինչպես նաև 2023 թվականի ցավակցական ուղերձներում կրկին օգտագործեց Հայոց ցեղասպանություն եզրույթը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն այս տարի բավականին կոշտ արձագանքեց ԱՄՆ նախագահի ուղերձին։ Մասնավորապես թուրքական գերատեսչությունը հայտարարեց, որ «ոչ ոք և ոչ մի կազմակերպություն չի կարող Թուրքիային դաս տալ սեփական պատմության մասին»։ Պաշտոնական Անկարան նաև հայտնում էր, որ «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ իրականության և միջազգային իրավունքի հետ անհամատեղելի հայտարարությունները պատմությունը վերաշարադրելու ապարդյուն փորձեր են»։ «Ոչ ոք չպետք է մոռանա, որ 1915 թվականի իրադարձությունները չեն կարող սահմանվել ըստ քաղաքական գործիչների սեփական օրակարգերի և ներքաղաքական նկատառումների։ Նման մոտեցումը հանգեցնում է միայն պատմության կեղծման։ Նրանք, ովքեր պնդում են պահպանել այս կողմնակալ դիրքորոշումը, պատմության մեջ կկոչվեն որպես էժանագին քաղաքական պատեհապաշտներ»,- ասվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահի ուղերձին բավականին կոշտ արձագանքել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով հերթական անգամ կրկնել էր թուրքական քարոզչության անհիմն թեզերը։ Վերջինս ԱՄՆ նախագահին անուղղակի կերպով անվանել էր «քաղաքական շառլատան»՝ պնդելով, որ «որևէ մեկն իրավունք չունի դաս տալ մեծն թուրք ազգին»։

Առհասարակ Հայոց ցեղասպանության խնդիրը որոշակի տեղ ունի թուրքական քաղաքական և գիտական օրակարգերում, ընդ որում՝, «գիտական» շրջանակները, մեծ մասամբ, աշխատում են պետության կողմից իջեցված պատվերին համահունչ: Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման դեմ, բնականաբար, առավել ակտիվ է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, որն էլ հենց առաջնորդում է այդ պայքարը։

Կարծում ենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նման կոշտ արձագանքի պատճառը միայն վերջինիս կողմից Հայոց ցեղասպանություն եզրույթի կիրառումը չէ։ Նման կոշտ հռետորաբանությունը պայմանավորված է Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունների հետ, որոնցում, մի շարք փորձագետների համոզմամբ ԱՄՆ-ն և Թուրքիայի արևմտյան դաշնակիցներն աջակցում են թուրքական ընդդիմությանը և ամեն կերպ ձգտում են ընտրությունների միջոցով երկրում իշխանափոխություն իրականացնել։

Հայոց ցեղասպանության թեմայով առավել կոշտ և պատմական իրողությունները խեղաթյուրող հայտարարություն է տարածել նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ Վերջինս պնդել է, թե իբր «հայկական ահաբեկչական կազմակերպությունները 1915 թվականին դաժանաբար սպանել են հազարավոր թուրքերի՝ անկախ ծերերից, կանանցից և երեխաներից»։ «Մենք խստորեն դատապարտում ենք նրանց, ովքեր փորձում են զրպարտել մեր ազգին, երբ բոլոր իրողությունները հստակ են պատմական փաստաթղթերով։ Մաղթում ենք Աստծո ողորմությունը հայ ահաբեկիչների կողմից կոտորված թուրքերին»,- ասվում է հայտարություններում:

Միևնույն ժամանակ թուրքական լրատվամիջոցների կողմից առավել պակաս ուշադրության արժանացավ նաև Հայաստանում ամեն տարի ապրիլի 24-ի նախօրեին անցկացվող ջահերով երթը։ Երթը ներկայացվել է մի քանի ոչ հայտնի լրատվամիջոցների կողմից, որոնք պնդել են թուրքական քարոզչության հայտնի թեզերն առ այն, որ ջահերով երթն իրականացվում է «հայ ծայրահեղականների կողմից, որոնք վայելում են հայկական սփյուռքի աջակցությունը»։

Միևնույն ժամանակ նկատենք, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության թեմայի նկատմամբ ուշադրության պակասը, կամ կարող ենք պնդել՝ թեմայի անտեսում, պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի իշխանությունները հայ-թուրական հարաբերությունների կարգավորման գործընթացում կատարել են Թուրքիայի նախապայմանը և փաստացի հրաժարվել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության գործընթացից։ Այսպիոսով փաստենք, որ պաշտոնական Երևանի անտարբերության հետևանքով Անկարային հաջողվել է հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վիժեցմանը։

Ամենից շատ դիտված