Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը
copy image url

Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը

Արտաքին 1 տարի առաջ - 18:00 21-04-2023
Ստամբուլի նահանգապետարանը արգելել է ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որն այս տարի ցանկանում էր կազմակերպել «Ապրիլի 24-ի ոգեկոչման հարթակը»՝ Ստամբուլի Քադըքյոյի շրջանում։ Այս մասին տեղեկացնում է Պոլսի հայկական Ագոս պարբերականը։

Հաղորդվում է, որ նահանգապետարանը նախորդ տարի նույնպես թույլ չէր տվել ոգեկոչման արարողության անցկացումը։ Պարբերականի փոխանցմամբ՝ ոգեկոչման միջոցառումներն անխափան անցկացվել են 2010-2019 թվականներին և ընդհատվել են 2020 թվականից՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակով։

Հարթակը միևնույն ժամանակ հայտնել է, որ Ստամբուլի նահանգապետարանից պատասխանել են, որ «նպատակահարմար չեն գտնում» միջոցառման անցկացումը։ Հայտարարությունում «Ապրիլի 24-ի ոգեկոչման հարթակը» միևնույն ժամանակ կոչ է արել վերանայել արգելքի որոշումը։

«Ապրիլի 24-ի ոգեկոչման հարթակը» նահանգապետարանի որոշումից հետո հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միջոցառման արգելման համար որևէ ողջամիտ փաստարկ չի ներկայացվել։ «Անընդունելի է արգելել այս միջոցառումը, որով մենք հարգանքով և հանգստությամբ ոգեկոչում ենք նրանց հիշատակն,այն պայմաններում, երբ ցեղասպանությունը ժխտողները և նրանք, ովքեր ռասիստական ​​ատելության խոսքի միջոցով շարունակում են փոքրամասնություններին թշնամի դարձնել, իսկ ռասիստական ​​հանդիպումներն ու ցույցերն ազատ անցկացվում են»,- ասվում է հայտարարությունում։