Աշխարհի բնակչությունը նախորդ տարի հատեց 8 միլիարդի շեմը և կան կանխատեսումներ, որ այս դարի վերջին կհատի 10 միլիարդի շեմը, սակայն կան շատ երկրներ, որտեղ բնակչության աճը կամ կանգ է առել, կամ գնում է նվազման: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը:
Նա նկատեց, որ հետաքրքրական է, որ աշխարհի բնակչության 2/3-ն ապրում է հենց այն երկրներում, որտեղ ծնելիությունը 2,1-ից ցածր է, այսինքն պարզ վերարտադրությունից ցածր. «Աշխարհում գլոբալ ծնելիության մակարդակը մոտ 2,3 է, որը մոտ է պարզ վերարտադրությանը, մինչդեռ 70 տարի առաջ այն 5 էր:
«Աշխարհի բնակչությունը» 2023 թվականի զեկույցը ցույց է տալիս, որ եթե մենք սոսկ թիրախավորում ենք ծնելիության մակարդակը, դա բերում է անցանկալի հետևանքների: Օրինակ, կանայք ու աղջիկները դիտարկվում են որպես երեխա արտադրող անդեմ գործիքներ: Որոշ երկրներում քայլեր են արվում սահմանափակելու հակաբեղմնավորիչների օգտագործումը կամ հղիության արհեստական ընդհատումների օրինական ծառայությունները: Իսկ աշխարհն արդեն գիտի, որ դրանք ոչ թե ծնունդների աճի են բերում, այլ ավելանում է ընդհատակյա աբորտների թիվը, որի հետևանքով էլ ավելանում է մահացությունը:
Զեկույցը ցույց է տալիս, որ քայլեր պետք է իրականացվեն բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ, որտեղ մարդիկ կկարողանան ապրել արժանապատիվ կյանքով, կունենան որակյալ առողջապահական ու կրթական ծառայություններ, ամուր կլինեն սոցիալական ապահովության երաշխիքները»,-ասաց Ծովինար Հարությունյանը:
Անդրադառնալով լուծումներին, նա նշեց. «Ոչ թե պետք է թիրախավորենք ծնելիությունը, այլ մարդուն և այն միջավայրը, որտեղ մարդն ապրում է: Սա չի նշանակում, որ ծնելիությունը խթանող քայլեր չպետք է անել, բայց դրանք չպետք է լինեն հարկադրաբար, պետք է հարգվեն կանանց իրավունքները»:
Ծովինար Հարությունյանը հավելեց, որ կա հնարավորության պատուհան, որը ցանկալի ծնունդների թիվն է. «Փորձագետներն առաջարկում են, որ երկրները կենտրոնանան այդ ցուցանիշի վրա: Արևելյան Եվրոպայում երեխաների ցանկալի թիվը 2 և ավելի է, սակայն այնտեղ ունենում են մեկ կամ ավելի քիչ երեխաներ:
Հայաստանում զույգերն ուզում են ունենալ երեք երեխա, սակայն ունենում են 1-2-ը: Պետք է հասկանալ, թե որոնք են խոչընդոտները, որ մարդիկ իրենց վերարտդրողական ցանկությունները չեն կարողանում իրականացնել: Շատ երկրներ փորձել են սա անել միայն ֆինանսական խթաններ գործածելով և էլի ֆոկուսը եղել է ծնելիությունը»,-ընդգծեց նա:
Հարությունյանի խոսքով, պետք է ներդրումներ անել մարդկանց ներուժի մեջ, զարգացնել մարդկային կապիտալը. «Այսօր աշխարհում հասարակությունների ուժը չեն չափում մարդկանց քանակով, այլ իրենց հավաքական տաղանդով, արտադրողականությամբ, հմտություններով»: