Մեզանից շատերն են կարդացել ու սիրել Նիկոս Կազանձակիսի «Հույն Զոռբան» վեպը՝ Շամրիկ Խաչատրյանի թարգմանությամբ։ Վեպն առաջին անգամ հրատարակվել է 1946-ին։ 1964-ին նկարահանվել է համանուն ֆիլմը, որի ռեժիսորը Մայքլ Կակոյաննիսն է, 1968-ին վեպն ադապտացվել է որպես բեմական մյուզիքլ, իսկ ահա 1993-ին էլ որպես ռադիո պիես։ Բացի այդ ֆիլմն արժանացել է «Օսկար»-ի երեք մրցանակի։
Այսօր կխոսենք ֆիլմում տեղ գտած
Սիրտակի պարի մասին, որը ներկայումս հավանաբար ամենահայտնի հունական պարերից մեկն է, սակայն քչերը գիտեն, որ այս պարը ծնունդ է առել 1960-ականներին՝ հունական ազգային պարեր հասապիկոյի և հասապոսերվիկոյի դանդաղ ու արագ քայլերի համադրությունից, որտեղ 4/4 տեմպից անցում են կատարում 2/4 տեմպի։ Սիրտակին պարում են և՛ ուղիղ գծով, և՛ շրջանաձև՝ ձեռքերը դրած հարևանի ուսերին:

Ֆիլմի էկրան բարձրանալուց հետո պարն այնքան տարածվեց ու սիրվեց, որ հիմա քչերը կհավատան, որ դա ոչ թե հին հունական ավանդական պար է, այլ ստեղծվել է վերջին հիսունամյակում։ Այս պարը համարվում է Հունաստանի խորհրդանիշներից մեկը:
Սիրտակին, ինչպես նաև դրա երաժշտությունը երբեմն անվանում են նաև «Զոռբայի պար»։ Հեղինակը Միկիս Թեոդորակիսին է։ Ստեղծագործության գործիքային տարբերակը թողարկվել է սկավառակով 1965-ին՝ հենց «Զոռբայի պարը» վերնագրով։ Ֆիլմի և, մասնավորապես, Զոռբայի ու Բազիլի պարի տեսարանում պարուսույցը Յորգոս Պրովիասն է։
Ամերիկացի դերասան Էնթոնի Քուինը՝ Զոռբայի դերակատարը, հիշում է, որ տեսարանը, որտեղ Ալեքսիս Զոռբան ծովափին Բազիլին սովորեցնում է պարել, պետք է նկարահանվեր վերջին օրը, սակայն Քուինը նախորդ օրը կոտրում է ոտքը։ Նկարահանումները վերսկսվում են մի քանի օր անց։ Թեև Քուինը կարող էր կանգնել առանց գիպսի, բայց ի վիճակի չէր պարել այնպես, ինչպես պահանջում էր սցենարը, քանի որ պարի ընթացքում նա պետք է ցատկեր։ Դերասանը տեղում այդ ցատկը փոխարինում է քարշող-սահող քայլերով, որը, ըստ նրա, իբր իրեն սովորեցրել էր մի տեղացի։ Քուինը տեղում հորինում է ոչ միայն պարի նոր շարժումը, այլև անվանումը՝ գոյություն ունեցող կրետական պարի անվան հետ համահունչ։
Սիրտակին հունարեն սիրտոս բառի նվազական ձևն է, իսկ սիրտոսը կրետական մի քանի ժողովրդական պարերի ընդհանուր անվանումն է:
Ի դեպ, գրքի հերոսը՝ Ալեքսիս Զոռբան, ունեցել է նաև իրական նախատիպ։ Դա եղել է Ջորջ Զոռբաս անունով մի մարդ, որ աշխատել է հանքում։
Արմինե Մուրադյան