Երեկ Երևանի քաղաքապետարանում, հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ ունեն մունիցիպալ ոստիկանության ստեղծման հայեցակարգ ի շարունակություն պարեկային ծառայության ռեֆորմների:
Oragir.News-ի հետ զրույցում նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանն ասաց, որ մենք նման պրակտիկա չենք ունեցել։ 90-ականների սկզբին է այդ հարցը քննարկման առարկա դարձել, բայց այդպես էլ չի իրագործվել։
«90-ականների սկզբին նման մունիցիպալ ոստիկանության գաղափար եղավ, գիտեք ինչ այդ ֆիլմերի, կինոների ազդեցության տակ այդ մունիցիպալ ոստիկանության, շերիֆի ինստիտուտ և այլն, այն ժամանակ էլ այդ հարցը քննարկաման առարկա դարձավ, ես այն ժամանակ ելույթ ունեցա և ասեցի, որ դա հավասար է նրան, որ թաղապետարանին կից ստեղծում են ուժային զինված բանդա, եթե դա մունիցիպալ է, որևէ կապ ոստիկանության հետ ունի՞, չունի՞, կադրային բազան ինքն է անում, ապա այդտեղ խնդիրներ են առաջանում և պրոբլեմի վրա պրոբլեմ է լինում»,- նշեց Համբարձումյանը։
Համբարձումյանը նշեց, որ շատ խնդիրներ կարող են առաջանալ նաև կադրային ընտրության հետ կապված։
«Դրանց վերապատրաստումը, պաշտոնական առաջխաղացումը, չէ որ մունիցիպալ այդ բանդայից ոստիկանությունում աշխատանքի չեն վերցնի, ապա դրանք երիտասարդ ընդունվեցին այնտեղ աշխատելու, որքան ժամանակ, մինչև երբ և ոնց։ Այսինքն՝ ընդունվեցին ինչ-որ տեղամասային տեսուչի նման մի կարգավիճակով ամբողջ կյանքում դա է լինելո՞ւ։
Այսինքն՝ հենց սկզբից դրվում է անձնակազմի դեգրադացման խնդիրը։ Առաջ գնալ չի լինելու և դեգրադացման խնդիրը ի սկզբանե լինելու է»,- ասաց Համբարձումյանը։
Համբարձումյանը նշեց նաև, որ իրավապահ համակարգի ձևավորման համար պետք է հաշվի առնել նաև տարիների տրադիցիոն փորձը։
«Տիգրան Ավինյաններին ինչ է պետք՝ դեմագոգիկ երևույթներ՝ ծառերը կտրի, ճապոնական ծառեր բերի և մնացած այլ այլանդակություններ՝ աչքերին թոզ փչելու համար։ Դա էլ երևի այդ կինոներից մտաբերել են, թազա հավեր են բուսել, երկաթե ձվեր են ածում, հիմա խելքներին դա է փչել, տեսել են ֆիլմերի մեջ մի բան սիրուն է, համ էլ իրենց մոտ զինված բանդա կլինի, իրենց քաղաքապետի, թաղապետի ենթակայության տակ, որ ում վրա քսի տան՝ գնան, իրականցնեն»,- ասաց Համբարձումյանը։