Իրավապահները զերծ են մնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արարքին քրեաիրավական գնահատական տալ. Է. Հովհաննիսյան
copy image url

Իրավապահները զերծ են մնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արարքին քրեաիրավական գնահատական տալ. Է. Հովհաննիսյան

Ներքին 2 տարի առաջ - 23:52 10-04-2023
ՀՀ Պահեստազորային զինծոռայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Հանցագործության մասին հաղորդում՝
ՀՀ ազգային անվտանգության ծառայության
տնօրեն՝ Ա. Աբազյանին
ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝
Ս. Խաչատրյանին

2020 թ-ի նոյեմբերի 09-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ՝ Ի.Հ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ՝ Վ.Վ. Պուտինը ստորագրել են հայտարարություն, որի բովանդակությունը իմպերատիվ ձևով համապասխանում է եռակողմ միջազգային պայմանագրին: Դրա իրավական կարգավորումները ամրագրված են ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքով, սակայն ՀՀ Սահմանադրության 116 և 132 հոդվածների պահանջների համաձայն՝ ՀՀ վարչապետը չունի նման լիազորություն: Ընդ որում, իրավապահ մարմինները զերծ են մնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ արարքին քրեաիրավական գնահատական տալուց՝ անտեսելով, որ այդ հայտարարության «միջազգային պայմանագրի» հետևանքով էական վնաս է պատճառվել Հայաստանի Հանրապետությանը:

ՀՀ միջազգային պայմանագրերի մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ միջազգային պայմանագիր` Հայաստանի Հանրապետության և պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) միջև մեկ փաստաթղթի կամ փոխկապակցված և միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով գրավոր ձևակերպված և միջազգային հանրային իրավունքով կարգավորվող համաձայնություն՝ անկախ դրա անվանումից, իսկ նույն իրավանորմի 2-րդ կետի՝ հայկական կողմ՝ Հայաստանի Հանրապետություն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարությունների, ինչպես նաև կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների, այլ պետական մարմինների, որոնք իրենց գործունեությունը կարգավորող օրենքներով օժտված են միջազգային պայմանագիր կնքելու լիազորությամբ:
ՀՀ Սահմանադրության 116-րդ համաձայն՝

1. Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝
1) որոնք վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատությանը, ինչպես նաև պարտականություններին.
2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ.
3) որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության անդամակցություն միջազգային կազմակերպությանը.
4) որոնք Հայաստանի Հանրապետության համար նախատեսում են ֆինանսական կամ գույքային պարտավորություններ.
5) որոնց կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ որոնք պարունակում են օրենքին հակասող նորմեր.
6) որոնք ուղղակիորեն նախատեսում են վավերացում.
7) որոնք պարունակում են օրենքի կարգավորմանը ենթակա հարցեր:

2. Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագրերը վավերացնում, կասեցնում և չեղյալ է հայտարարում օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։

ՀՀ Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ Կառավարության առաջարկությամբ կնքում է միջազգային պայմանագրեր, իսկ 2-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահը, կառավարության առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:

Վերոնշյալը փաստում են, որ միջազգային պայմանագիրը վավերացնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 09.11.2020 թ. արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ, 446-րդ, 460-րդ հոդվածների հատկանիշներին համապատասխան արարք:

Վերոգրյալից ելնելով և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներով՝ խնդրում եմ օրենքով սահմանված կարգով նախաձեռնել քրեական վարույթ:

https://www.primeminister.am/.../2020/11/10/Announcement/

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության
համակարգող՝ Էդգար Հովհաննիսյան

09.04.2023 թ.»:

Ձեզ գուցե հետաքրքրի