Թուրքիայի նախագահի խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Շվեդիան դեռևս չի կատարել Թուրքիայի անվտանգային բոլոր պահանջները։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։
Իբրահիմ Քալընը շեշտել է, որ Շվեդիայի պարտավորությունները սահմանված են ՆԱՏՕ-ի Մադրիդյան գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված եռակողմ հուշագրով։ Նրա խոսքով՝ Անկարան այս հարցում բազմիցս և հստակորեն իր դիրքորոշումը հայտնել է շվեդական կողմին։
«Վերջին անգամ այդ հարցը քննարկվել է վերջերս Անկարա այցելած շվեդական պատվիրակության հետ։ Երկխոսություն է հաստատվել նաև արտաքին գործերի նախարարությունների մակարդակով»,- ասել է նա։
Թուրք պաշտոնյան հայտնել է, որ Անկարայի և Ստոկհոլմի մասնակցությամբ խորհրդակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա հունիսի առաջին կամ երկրորդ շաբաթվա ընթացքում։ Նա հայտնել է, որ բանակցությունները հունիսին անցկացնելու որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Շվեդիայում հակաահաբեկչական օրենքի նոր տարբերակը ուժի մեջ է մտնելու հունիսի 1-ից։
Քալընն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ հետագա քայլերը կախված կլինեն բացառապես Շվեդիայի կառավարությունից։ Նա միևնույն ժամանակ հերքել է այն պնդումները, որ Շվեդիան կատարել է իր բոլոր պարտավորություները և այժմ հերթը հասել է Թուրքիային։ «Թուրքական կողմի չափանիշներն ու պահանջները հայտնի են։ Մենք դեռ չենք հասել ցանկալի մակարդակին։ Ստոկհոլմի յուրաքանչյուր նոր քայլով գործընթացն առաջ է շարժվելու»,- եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար դիմել էին դեռևս նախորդ տարվա մայիսին, և վերջիններիս դիմումը հաստատվել է դաշինքի անդամ բոլոր երկրների կողմից՝ բացառությամբ Թուրքիայի և Հունգարիայի։ Այս տարվա հունվարին Շվեդիայում Ղուրանը այրելու և Թուրքիայի նախագահ Էրդողանի խրտվիրակը տեղադրելու դեպքերից հետո Թուրքիայի իշխանությունները խիստ քննադատության ենթարկեցին Շվեդիային և սկսեցին ակնարկել, որ գործընթացի տարանջատման պարագայում կարող են աջակցել միայն Ֆինլանդիայի դիմումին։
Մարտի 17-ին Էրդողանը Անկարայում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Անկարան սկսում է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը հաստատելու գործընթացը։ Մարտի 31-ին Թուրքիայի մեջլիսը հաստատեց Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը, իսկ դրանից օրեր առաջ՝ Հունգարիայի խորհրդարանը։
Ինչպես ավելի վաղ տեղեկցրել է
Oragir.News-ը, ապրիլի 4-ին Ֆինլանդիան պաշտոնապես անդամակցեց ՆԱՏՕ-ին՝ դառնալով դաշինքի 31-րդ անդամը։ Շվեդիայի անդամակցության համար անհրաժեշտ է Թուրքիայի և Հունգարիայի խորհրդարանների հաստատումը։