Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը հայտնել է, որ Թուրքիան ցանկանում է մասնակցել ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին, մինչդեռ CAATSA-ի պատժամիջոցների պատճառով ծրագրից Թուրքիայի դուրսմղումն անարդար է և անօրինական։
Թուրքական «Hurriyet»-ի փոխանցմամբ՝ Գեղարվեստի համալսարանի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Իբրահիմ Քալընն անդրադարձել է վերջերս G20 գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընդունած որոշումներին: Քալընը հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են թուրք-ամերիկյան հարաբերությունների համար սահմանել ռազմավարական համագործակցության նոր շրջանակ: Քալընի խոսքով՝ եթե F-35 ծրագրի հետ կապված խնդիրը չլուծվի, ապա Թուրքիան իրեն չի կարող թույլ տալ զուր ժամանակ վատնել:
«Մենք կարող ենք փորձել դա փոխհատուցել F-16-ով։ Ամերիկյան վարչակազմը մինչ այժմ դրական վերաբերմունք է ցուցաբերել այս հարցում։ Եթե խոսքը վերաբերում է միայն այն երկրներին, որոնք միակողմանիորեն ծանր սպառազինություն են գնում Ռուսաստանից, ապա ինչո՞ւ են բացառություններ արվում այդ երկրների համար։ Եթե նման կանոն չկա, ինչո՞ւ են այդ պատժամիջոցները կիրառվում Թուրքիայի նկատմամբ։ Մեր առաջնահերթությունը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կարիքների բավարարումն է»,- նշել է Քալընը՝ հավելելով, որ Թուրքիան այլընտրանքներ ունի. երկիրն ի վիճակի է սեփական անօդաչու թռչող սարքերն արտադրել և արդեն իսկ կարևոր քայլեր է ձեռնարկել պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
Բացի այդ, Քալընը հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսը, մասնավորապես՝ սենատորները, հանձնաժողովի անդամները և հանձնակատարները, հնարավորինս շուտ կգիտակցեն Թուրքիայի կարևորությունը։ «Մենք կարող ենք թվարկել աշխարհաքաղաքական չորս կամ հինգ խնդիր, որոնք ներկայումս ազդեցություն ունեն համաշխարհային քաղաքականության վրա, ինչպիսիք են Աֆղանստանը, Արևելյան Միջերկրական ծովը, Սիրիան, Կովկասը և Լիբիան, և դրանք բոլորը կապված են Թուրքիայի հետ»,- մանրամասնել է Քալընը: Նրա խոսքով՝ առանց Թուրքիայի հնարավոր չէ այդ հարցերում հույս դնել որևէ կողմի վրա կամ քաղաքականություն մշակել։