Բոլորը չէ, որ հասկանում են Ծաղկազարդի հոգևոր խորհուրդը, բայց գոնե լավ է, որ ուրախանում են
copy image url

Բոլորը չէ, որ հասկանում են Ծաղկազարդի հոգևոր խորհուրդը, բայց գոնե լավ է, որ ուրախանում են

Ներքին 2 տարի առաջ - 15:56 02-04-2023
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդի տոնը` Տեր Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը: Տոնի առթիվ բոլոր առաքելական եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։ Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր։ Այս կապակցությամբ հայկական բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կատարվելու է մանուկների օրհնության հատուկ կարգ:

Թե ինչպե՞ս են այժմ նշում Ծաղկազարդը, արդյո՞ք տոնի խորհուրդը ընկալվում է ՝ Oragir.news-ի հետ զրույցում Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց.

«Տոնի խորհուրդը Տիրոջը դիմավորելն է։ Մենք դա վերագրել ենք գարնանը դիմավորելու տոնին, բայց էլի վատ չի, դժգոհ չենք, ժողովուրդը գալիս է եկեղեցի, երեխաներն ուրախանում են։ Մենք ուրախ ենք, որ ժողովուրդն ուրախանում է, հիմա այսօր եկեղեցիները լեփ-լեցուն են։ Բոլորը չէ, որ գիտեն տոնի հոգևոր խորհուրդը, բայց գոնե լավ է, որ ֆիզիկապես ուրախանում են։ Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ Ծաղկազարդ։ Տոնի հիմքում ընկած է նաև Կենաց ծառի գաղափարը։ Այն շեշտում է կյանքի զարգացումը՝ ծննդից մինչև պտղաբերություն։ Դրա բարձրագույն նպատակը անմահությունն է»։

Հիշեցնենք, որ Ծաղկազարդի տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվեն հետևյալ արարողությունները`

1. Առավոտյան ժամերգություն Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8։00-ին:

2. Անդաստան (ոստերի օրհնություն) և մանուկների օրհնություն Մայր Տաճարի բակում, ժամը 10:00-ին:

3. Սուրբ Պատարագ և մանուկների օրհնություն Ս. Գայանե վանքում, ժամը 11։00։

4. Դռնբացեքի կարգ Ս. Գայանե վանքում, ժամը 17։30։