Իրաքում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամադ Քազեմ Ալե-Սադեղը հայտարարել է, որ Իրանը երբեք Իրաքյան Քրդստանի տարածք ներխուժելու մտադրություն չի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, դիվանագետն այս մասին ասել է իրաքյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Ալե-Սադեղը շեշտել է Թեհրանի հավատարմությունն Իրաքի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Պատասխանելով Իրաքյան Քրդստանի ահաբեկիչների դիրքերի վրա հարձակման վերաբերյալ իրանական կողմին ուղղված մեղադրանքներին՝ դեսպանը վերահաստատել է, որ Իրանը երբեք չի մտածել ներխուժել Իրաքյան Քրդստանի տարածք։
Նա հիշեցրել է, որ երկու երկրները վերջին շրջանում այս հարցով որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Դեսպանը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ այդ համաձայնության շնորհիվ երկու կողմերը կվերահսկեն զինված խմբերն ու ոչ մի ագրեսիա չի սպառնա Իրանին։
Մոհամադ Քազեմ Ալե-Սադեղը հավելել է, որ Իրանում անկարգությունների ժամանակ Թեհրանը խափանել է ահաբեկչական դավադրություններ, որոնք իրականացվում էին իրաքյան Էրբիլից։
Նա միևնույն ժամանակ հայտնել է, որ առաջիկայում մտադիր է մեկնել Իրաքյան Քրդստան։ «Մենք պատմական հարաբերություններ ունենք քրդերի եւ Իրաքյան Քրդստանի հետ»,- եզրափակել է նա՝ ի պատասխան Թեհրանին հնչող մեղադրանքներին։